Հրեական ծագում ունեցող գերմանացի սոցիոլոգ, փիլիսոփա, հոգեբան էրիխ Ֆրոմը այն հստակ կարծիքին է, որ «մարդկային էությունը, նրա կրքերն ու վախերը, մշակույթի արդյունք են»: Այս հարցում նա որոշակի հակասության մեջ է Ֆրեյդի հոգեվերլուծության հետ. մինչ դեռ Ֆրեյդը մարդկային պահվածքի հիմքը տեսնում էր կենսաբանական շարժառիթների մեջ, Ֆրոմն այդ շեշտը տեղափոխում է դեպի սոցիալական գործոններ:
Ֆրոմի սիրո փիլիսոփայությունը

«Մարդը կարող է հարմարվել ստրկության, սակայն նա արձագանքում է դրան՝ իր մտավոր և բարոյական հատկանիշների նվազմամբ, նա կարող է հարմարվել մշակույթի՝ տոգորված համընդհանուր անվստահությամբ ու թշնամանքով, բայց նա արձագանքում է նման ադապտացմանը՝ իր ուժերի և անպտղության թուլացմամբ: Մարդը կարող է հարմարվել մշակութային պայմաններին, որոնք պահանջում են սեռական ազդակների ճնշում, բայց նման դեպքերում, ինչպես ցույց է տվել Զիգմունդ Ֆրոյդը, նրա մոտ զարգանում են նևրոտիկ ախտանիշներ: Մարդը կարող է հարմարվել գրեթե ցանկացած մշակութային համակարգի, սակայն այնքանով, որքանով այդ համակարգը հակասում է նրա բնությանը, նրա մոտ զարգանում են մտավոր և հուզական խանգարումներ՝ ստիպելով նրան ի վերջո փոփոխել այդ պայմանները, քանի որ նա չի կարող փոխել իր բնությունը»:
Ֆրոմն ասում է, որ սերը ոչ թե իր է, այլ գործընթաց, դրսևորում: Ըստ հեղինակի սիրուն իրեղեն նշանակություն են տալիս տարբեր խոսակցական արտահայտություններ, որինակ՝ «Ես մեծ սեր ունեմ ձեր նկատմամբ», երբ սերը ածական ստանալով հստակ չափելիություն է ձեռք բերում: Արդեն իսկ պարզ է դառնում, որ սերն ըստ Ֆրոմի և վերջինիս «Սիրո փիլիսոփայությունը» շատ ավելիի մասին է, քան ֆիզիկական սիրո։
Սիրվելու ցանկության գերակայությունը
Ըստ հեղինակի սերը սենտիմենտալ զգացողություն չէ, որը կարող է զգալ ցանկացած մեկն անկախ իր հասունությունից: Ֆրոմն այն կարծիքին է, որ առաջին և կարևորագույն քայլն է սերն ընկալել իբրև արվեստ, ընդ որում իր նշանակությամբ այն հավասարազոր է ապրելու արվեստին: Եթե դուք ուզում եք սերտել սիրելու արվեստը, պիտի վերաբերեք նրան ճիշտ այնպես, ինչպես կմոտենայիք ցանկացած այլ արվեստ սովորելուն:
Սիրո հիմնախնդիրը մարդկության մեծամասնության համար ընկալելի է իբրև սոսկ «սիրվելու» հիմնախնդիր: Ասել է, թե ոչ ոք մտահոգված չէ ինքնին սիրել կարողանալով: Այս կերպ մեծամասնության համար կարևոր է սեփական անձի հանդեպ սեր առաջացնելը: Մարդկային էությունն անվերջ ձգտում է հաջողության, հարստության և իշխանության, և հենց այս նպատակներին հասնելու վրա է կենտրոնացնում իր ողջ ներուժը, և գրեթե ոչ մի ջանք չի ներդնում սիրո արվեստը սերտելու գործում:
Ֆրոմը ֆունդամենտալ է համարում այն փաստը, որ մարդն ինչ-որ պահի ավելի բարձր է կանգնել կենդանական աշխարհից, դրանով իսկ դուրս եկել «բնադզային ադապտացիայի մթնոլորտից» :
Սիրո տեսակավորումն ըստ Ֆրոմի

Մայրական սեր
Նորածինը դեռևս ունակ չէ գիտակցելու ինքն իրեն ու աշխարհը, որպես մի բան, ինչը գոյություն ունի իրենից դուրս: Նորածինը զերծ է մահվան հանդեպ վախի զգացողությունից: Ժամանակի և հասունացման հետ մեկտեղ երեխան ձեռք է բերում իրեն շրջապատող իրերը ճանաչելու հմտություններ, դա հենց այն պահն է, երբ երեխան սկսում է տարբեր առարկաների ինչ-որ անվանումներ տալ: Այս ամենի հետ մեկտեղ երեխան նաև սկսում է սովորել՝ ինչպես վարվել մարդկանց հետ: Երեխայի բոլոր ընկալումներն այդ շրջանում հիմնականում կապված են մոր հետ և սահմանափակվում են նման ձևակերպման մեջ՝ «ես սիրված եմ, և սիրված եմ, որովհետև իմ մոր երեխան եմ», եթե ավելի հստակ՝ «ես սիրված եմ, որովհետև ես ես եմ»: Այս զգացողությունը պասիվ բնույթ է կրում, քանի որ երեխան այդ սերը ստանալու համար ոչինչ չի արել, միակ բանը, ինչ պահանջվում է նրանից, իր մոր երեխան լինելն է:
8-10 տարեկան երեխաների մեծամասնության համար խնդիրը կայանում է բացառապես նրանում, որ նրանք շարունակեն սիրված լինել միայն այն բանի համար, որ կան: Սակայն աստիճանաբար երեխան ձեռք է բերում նոր զգացողություն. նա գիտակցում է, որ կարող է իր ակտիվությամբ առաջացնել այդ սերը: Հենց այս պահին է երեխայի մոտ առաջին անգամ ցանկություն առաջանում ծնողներին ինչ-որ բան տալու, ու հենց այստեղ է երեխան զգում, որ տալը նույնքան հաճելի է, որքան ստանալը:
«Մանկական սերը հետևում է հետևյալ սկզբունքին . «ես սիրում եմ, որովհետև ես սիրված եմ»»:
«Հասուն սերը հետևում է ՝«ես սիրված եմ, որովհետև ես սիրում եմ», սկզբունքին»:
«Ոչ հասուն սերն ասում է՝ «ես սիրում եմ քեզ, որովհետև քո կարիքն ունեմ»»:
«Հասուն սերն ասում է՝ «ես քո կարիքն ունեմ, որովհետև սիրում եմ քեզ»:
Եղբայրական սեր
Եղբայրական սերն ըստ հեղինակի սիրո տեսակներից ամենաֆունդամենտալն է, որը դառնում է մնացած բոլոր տիպերի հիմնաքարը: Խոսելով եղբայրական սիրո մասին Ֆրոմը հասկանում է՝ «պատասխանատվությունը, հոգատարությունը, հարգանքը, մեկ ուրիշ կենդանի էակին ճանաչելն ու նրա կյանքը երկարեցնելու ցանկությունը»: Եղբայրական սերը սեր է հավասարների միջև, սակայն սերում է անօգնականի, աղքատի և օտարի հանդեպ սիրուց:
Էրոտիկ սեր
Ֆրոմն էրոտիկ սերը հակադրում է վերոնշյալ՝ մայրական և եղբայրական սերերին: Եթե մայրական սերը անօգնականի հանդեպ է, եղբայրական սերը՝ հավասարի, և այս երկու ձևերն էլ չեն սահմանափակում մեկ հստակ մարդու հանդեպ դրսևորվելու մեջ, ապա էրոտիկ սերը ձտում է մեկին, հստակ մեկի հետ ամբողջական մերձեցման:

Սեր ինքդ քո հանդեպ
Սիրո հետևյալ ձևին անդրադառնալիս Ֆրոմը հարկ է համարում նշել, որ շատերը ինքդ քո հանդեպ տածած սերն ու եսասիրությունը էգոիզմ իմաստով համարում են հոմանիշներ, մինչդեռ դրանք հականիշ երևույթներ են: Այս տեսակետը Ֆրոմն ապացուցում է մեջբերելով հետևյալ տողերը՝
«Եթե դու սիրում ես քեզ, ուրեմն դու սիրում եմ յուրաքանչյուր մարդուն ճիշտ այնքան, որքան ինքդ քեզ: Եթե դու մեկ ուրիշին սիրում ես ավելի քիչ, նշանակում է՝ իրականում բավարար չես սիրում ինքդ քեզ, իսկ եթե դու սիրում ես բոլորին հավասարապես՝ ներառյալ ինքդ քեզ, ուրեմն դու տեսնում ես նրանց ինչպես մեկ անհատականություն. այդ անհատականությունը և՛ Աստված է, և՛ մարդ»:
Սեր Աստծո հանդեպ
Աստծո հանդեպ սերը սիրո կրոնական ձևն է: Այստեղ հարկ է նշել, որ Աստծո հանդեպ սեր զգում է մարդկանց մեծամասնությունը: ֆրոմը տեսնում է որոշակի նմանություններ ծնողների հանդեպ սիրո և Աստծո հանդեպ սիրո մեջ:
«Մարդկային ցեղի պատմության մեջ մենք տեսնում ենք նույն զարգացումը. Աստծո հանդեպ նախնական սիրուց, որպես անկարող կապվածություն Մայր-աստծո հանդեպ, հնազանդ կապվածությամբ հայր-աստծո հանդեպ, մինչև հասուն փուլի, երբ աստված դադարում է լինել արտաքին ուժ, երբ մարդն ընտրում է իր մեջ սիրո և արդարության սկզբունքներ, երբ նա դառնում է աստծո հետ մեկ ընդհանրություն, և վերջապես , երբ նա խոսում է աստծո մասին միայն պոետիկ և սիմվոլիկ իմաստներով»:

