Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին նշել է, որ երկրի բնակչության մեծ մասը Եվրոպայի առաջնությունում երկրպագում է Իսպանիային.
«Անչափ ուրախ եմ այն ամենի համար, ինչ կարողանում է անել Լուիս դե լա Ֆուենտեն։ Հուսով եմ` նրա մոտ, ի վերջո, ամեն ինչ հիանալի կավարտվի։ Կարծում եմ` արգենտինացիների մեծ մասը Եվրո-2024-ում երկրպագում է Իսպանիայի հավաքականին»,- մեջբերում է All About Argentina-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը հուլիսի 9-ին մրցելու է Ֆրանսիայի թիմի դեմ։
Այս օրերին Արգենտինայի հավաքականը մասնակցում է Ամերիկայի գավաթի խաղարկությանը և նույնպես լավագույն չորս թիմերի շարքում է։ Աշխարհի գործող չեմպիոնը հուլիսի 10-ին մրցաշարի կիսաեզրափակիչում կփորձի հաղթահարել Կանադայի արգելքը։


