Բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Իման Խելիֆը հերքել է իր նախկին մենեջերի հայտարարությունը, թե ինքն ավարտել է կարիերան:
«Այս լուրերը հիմնված են այն մարդու խոսքերի վրա, որն ինձ չի ներկայացնում։ Ես կարծում եմ, որ նա դավաճանել է ինձ և իմ երկիրն իր կեղծ հայտարարություններով։ Ես չեմ հեռացել բռնցքամարտից, պարբերաբար մարզվում եմ և շարունակում զարգանալ որպես մարզիկ։ Նման լուրերի հրապարակումը նպատակ ունի վնասելու իմ կարիերան», - գրել է Խելիֆը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Փարիզում ալժիրցին կանանց 66 կգ քաշային կարգում դարձել էր Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Օլիմպիական խաղերի ընթացքում մամուլում հրապարակվել էր նրա` 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հանձնած գենդերային թեստի պատասխանը: Պարզվել էր, որ նրա օրգանիզմում տղամարդկային հորմոնի չափաբաժինը գերազանցել է սահմանված նորման, Խելիֆն աշխարհի առաջնությունում որակազրկվել էր:
26-ամյա բռնցքամարտիկը մարտին հայտարարել էր, որ նախատեսում է պաշտպանել չեմպիոնությունը 2028 թվականին՝ Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերում:


