Կանադական «Տորոնտոյի» նախկին վինգեր Լորենցո Ինսինյեն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
34-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Լացիո»։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը, իսկ Ինսինյեի տարեկան աշխատավարձը կլինի 1,2 միլիոն եվրո։
Իտալացի ֆուտբոլիստը հիանալի հարաբերություններ ունի հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ։
«Բիանկոչելեստեն» այժմ սպասում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանն ու գործարքի գրանցման թույլտվությանը, քանի որ «Լացիոն» մինչև 2026թ. հունվար որակազրկված է և չի կարող տրանսֆեր իրականացնել։
Ինսինյեն «Տորոնտոյից» հեռացել է այս տարվա հուլիսին և ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա կարիերայի մեծ մասն անցկացրել է «Նապոլիում», որտեղ 434 խաղում խփել է 122 գոլ, կատարել 95 ասիստ։
Անվանի ֆուտբոլիստը 10-ական գոլ ու ասիստ է գրանցել Իտալիայի ազգային հավաքականում անցկացրած 54 խաղում: Ազգային թիմի կազմում նա 2021թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։


