ՊՍԺ-ի հաղթանակից հետո Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով երկու մարդ է մահացել, հաղորդում է Sky News-ը:
Զոհերից մեկը 20-ամյա աղջիկ է, որը սքութեր էր վարում։ Փարիզյան թիմի երկրպագուները նրան մեքենայով հարվածել են մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող փողոցներից մեկում։ Զոհերից մյուսն էլ 17-ամյա տղա է: Անհայտ անձինք նրան մի քանի անգամ դանակահարել են Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Դաքս համայնքի ֆան գոտում:
Անկարգությունների ժամանակ վիրավորվել է 192 մարդ, ձերբակալվել է 426 մարդ, որոնցից 417-ը՝ Փարիզում։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել ակումբային գլխավոր եվրագավաթը: