Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն առանձնապես հաջող չէր 67 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջին համար Սլավիկ Գալստյանի համար։ Ապրիլին Խորվաթիայում կայացած Եվրոպայի առաջնությունում 26-ամյա մարզիկը պայքարն ավարտեց առաջին իսկ փուլում։ Սակայն այդ անհաջողությունը թևաթափ չի արել նախորդ երեք տարիների եվրոպական առաջնությունների բրոնզե մրցանակակիր, 2019 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ըմբիշին։
VNews-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ վճռականորեն տրամադրված է տարին ավարտել Օլիմպիական խաղերի մասնակցի կարգավիճակում։
Անցյալ շաբաթ Սլավիկ Գալստյանը հաղթեց 6 երկրների մարզիկների մասնակցությամբ Երևանում անցկացված Բենուր Փաշայանի միջազգային հուշամրցաշարում, որի եզրափակիչում առավելության հասավ Հայկ Մելիքյանի նկատմամբ։ Ամփոփելով այդ մրցաշարում իր ելույթը՝ մեր զրուցակիցը նշեց․ «Նորմալ հանդես եկա։ Ելույթս կարող էր ավելի լավը լինել, սակայն կարևորն այն է, որ առաջին տեղը գրավեցի։ Եզրափակիչում մրցեցի ընկերոջս հետ, որը բավականին ուժեղ մարզիկ է։ Գոտեմարտը շատ բարդ ստացվեց, հաղթանակը հեշտությամբ չտրվեց»։
Սլավիկ Գալստյանը չցանկացավ մեկնաբանել Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Գալուստյանից կրած պարտությունը։ «Չեմ ցանկանում խոսել այդ մասին։ Սպորտում լինում են պահեր, երբ ինքդ էլ չես հասկանում, թե ինչու այդպես եղավ»,- ասաց նա։
Հարցին, թե հատկապես ո՞ր գործոնին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը պատրաստվելիս՝ ըմբիշը պատասխանեց․ «Բոլորն էլ շատ կարևոր են, դժվար է առանձնացնել որևէ մեկը»։
Գալստյանը հայտնեց նաև, որ այս մրցաշրջանում իր գլխավոր նպատակը օլիմպիական ուղեգիր նվաճելն է։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Փարիզում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցումների առաջին ուղեգրերը խաղարկվելու են այս տարվա աշխարհի առաջնությունում։ Ուղեգրի արժանանալու են օլիմպիական 6 քաշային կարգերի (60, 67, 77, 87, 97, 130 կգ) հաղթողները, երեք մրցանակակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտերում պարտված մարզիկների գոտեմարտի հաղթողը։