Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի հավաքականից կրած պարտությունից (1-2) հետո Սլովակիայի թիմի գլխավոր մարզիչ Ֆռանչեսկո Կալցոնան մրցակցի ֆուտբոլիստներին մեղադրել է ժամանակ ձգելու մեջ:
«Լրացուցիչ ժամանակում խաղն ընթանում էր միայն մեկ դարպասի ուղղությամբ։ Մենք ճնշում էինք գործադրում, իսկ մրցակիցը ժամանակ էր ձգում։
Ես զայրացած էի, քանի որ ավելացված մեկ րոպեն շատ քիչ էր, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպես էր ժամանակ ձգում մրցակցի դարպասապահը։ Ինձ բացարձակ դուր չեկավ մրցավարների աշխատանքը, բայց ակնհայտ է` մենք դրա պատճառով չէ, որ պարտվեցինք։ Ես հպարտանում եմ իմ թիմով, քանի որ հիանալի խաղացինք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։
Հիշեցնենք, որ անգլիացիների դեմ խաղում Սլովակիայի հավաքականը մինչև ավելացված 5-րդ րոպեն հաղթում էր 1-0 հաշվով, սակայն Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը շրջադարձ հարվածով անզուգական գոլ խփեց ու հանդիպումը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հաղթանակ պարգևեց Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմին։


