Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի վերջին տուրում Սլովակիայի հավաքականը կրկնեց իր պատմության մեջ վատագույն ցուցանիշը:
A խմբի վերջին խաղում Ֆրանչեսկո Կալցոնայի գլխավորած թիմը Լայպցիգում 0-6 հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին: Սլովակները նախկինում ևս 2 անգամ պարտվել էին 0-6 հաշվով:
1995 թվականին Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում 6 անպատասխան գնդակ էր ուղարկել Սլովակիայի ազգային թիմի դարպասը, իսկ 2017 թվականին կայացած ընկերական խաղում Սլովակիան նույն հաշվով պարտություն էր կրել շվեդներից:
Ի դեպ, Շվեդիայի և Գերմանիայի դեմ խաղերում Սլովակիայի հավաքականի դարպասը պաշտպանում էր անգլիական «Բարնլիի» ներկայացուցիչ Մարտին Դուբրավկան:
Չնայած խոշոր հաշվով պարտությանը՝ Կալցոնայի գլխավորած թիմը 12 միավորով խմբում գրավեց երկրորդ տեղը և կմասնակցի անցումային փլեյ-օֆֆին:
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


