«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել` անդրադառնալով իր շուրջ ստեղծված ռասիստական սկանդալին:
«Ցանկանում եմ մեկնաբանել տեղի ունեցածը, որը, ցավոք, արդեն դուրս է եկել բոլոր սահմաններից։
Անընդունելի եմ համարում իմ հասցեին հնչած անհիմն մեղադրանքները և ցանկացած ձևով պատրաստ եմ ապացուցել իմ ճշմարտացիությունը. դիտե՛ք տեսախցիկների կադրերը, կարդացե՛ք շուրթերից, նույնիսկ ստուգե՛ք պոլիգրաֆով, խնդիր չկա։
Ես վստահ եմ ինքս ինձ վրա և խոսքերիս ճշմարիտ լինելու համար․ հստակ գիտեմ, որ նման բան չեմ ասել։
Մեծացել եմ Կովկասում և շատ լավ գիտեմ բոլոր արժեքները։ Ծողներս ինձ ճիշտ են դաստիարակել, և ես նման արտահայտություն երբեք ինձ թույլ չէի տա։
Աշխարհի բոլոր ծայրերից ունեմ բազմաթիվ ընկերներ ու ծանոթներ, որոնց հետ մշտական կապի մեջ եմ։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում, անկեղծ ասած՝ մի քիչ ծիծաղելի է։ Տեղի ունեցողը կրկեսի է նման։
Պարզապես ցանկացա ձեզ հետ կիսվել մտքերով, քանի որ հիմա շատերն են գրում։ Ուզում եմ` իմանաք՝ իմ խոսքերի համար միշտ պատասխանատու եմ և պատրաստ եմ ամեն ինչի»,- ասել է Սպերցյանը։
«Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղից (2-0) հետո 25-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգին ռասիստական վիրավորանք հասցնելու համար։
Սենեգալցի ֆուտբոլիստը խաղից հետո պնդել է, թե Սպերցյանը դրվագներից մեկում իրեն ասել է. «Փակի՛ր բերանդ, սևամորթ»։
Նդոնգը հանդիպման 85-րդ հարվածել է հայ կիսապաշտպանին, կոտրել նրա մի քանի ատամ` հեռացվելով դաշտից։
Կատարվածից հետո Սպերցյանը կարող է որակազրկվել 10 խաղով։


