Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է եվրոպական մի շարք ակումբների՝ իր ծառայություններով հետաքրքրվելու մասին լուրերը:
«Ես, ինչպես և դուք, բոլոր նորությունները կարդում եմ մամուլում: Ոչինչ չգիտեմ: Ինձ և ծնողներիս ոչ ոք չի զանգել: Ապագայիս վերաբերյալ դեռ ոչ մեկի հետ քննարկում չեմ ունեցել:
Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ, բայց այս պահին «Կրասնոդարում» եմ: Ցանկանում եմ հաջողությունների հասնել այս ակումբի հետ»,- Սպերցյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 պաշտոնական հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ Սպերցյանը ճանաչվել էր ռուսական ակումբի` աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ։ Transfermarkt-ը 22-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում նորամուտը նշել է 2018 թվականին։


