«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Կանչելսկիսը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, գրում է legalbet.ru-ն:
«Սաութհեմփթոնը լավ քաղաք է, ես այնտեղ եղել եմ: Նրանց թիմը, ստադիոնն ու երկրպագուները շատ լավն են: Բայց Չեմպիոնշիփն աշխարհի ամենաբարդ լիգան է: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ, և ոչ մեկը չի ցանկանում դուրս մնալ պայքարից: Այնտեղ դժվար է խաղալ, պայքարը շատ լուրջ է: Պետք չէ մոռանալ նաև Անգլիայի գավաթի ու Անգլիայի Լիգայի գավաթի մասին: Ծանրաբեռնվածությունը հսկայական է:
Եթե «Սաութհեմփթոնը» հրավիրում է Էդուարդին և միաժամանակ Պրեմիեր լիգա վերադառնալու խնդիր է դնում, ապա կարելի է փորձել: Սպերցյանի հաջողելու շանսերը 50/50 են: Այնտեղ ուժային մենապայքարները շատ ավելի են, քան նույնիսկ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Ես հիմա Սպերցյանին խորհուրդ չեմ տա, բայց եթե ինչ-որ հարցով ինձ դիմի, անպայման կհուշեմ, թե ինչ պետք է անել: Մենք բոլորս պետք է օգնենք միմյանց»,- ասել է ռուս անվանի նախկին ֆուտբոլիստը:


