«Կրանսոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակից» կրած 0-3 հաշվով պարտությունը։
«Նման խաղեր լինում են։ Չէի ասի` ամեն ինչ շատ վատ էր։ Գոլային պահեր ունեինք 0-0 հաշվի ժամանակ, իսկ հետագայում շատ հեշտ գոլեր բաց թողեցինք։ Իհարկե, տհաճ է, բայց պետք է ուժեղ և միասնական լինենք։ Իրավիճակը կարող ենք շտկել մեկ շաբաթից։
Խաղային անկում չկա։ Մեկ խաղ է մնացել։ Բարդ է` հաշվի առնելով անդադար թռիչքները և հավաքականի խաղերը։ «Սպարտակի» դեմ խաղից առաջ էլ երկու արտագնա հանդիպում ունեինք։ Սրանք արդարացումներ չեն, բայց կհիշեք «Խիմկիի» դեմ արտագնա հանդիպումը (2-2), երբ գնդակ բաց թողեցինք խաղավերջում։ Որևէ արտասովոր դեպք տեղի չունեցավ. սա ֆուտբոլ է։ Եթե վիճենք թիմի ներսում, կբարդացնենք խնդիրը»,- Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում միավորներ է կորցրել նաև մրցաշարային աղյուսակի առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» և սեփական դաշտում պարտվել է «Կռիլյա Սովետովին»` 2-3։
«Կրասնոդարն» ունի 38 միավոր և երկրորդ տեղում է, «Զենիթը» վաստակել է 39 միավոր։