Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի վերադառնա Լիսաբոնի «Սպորտինգ», տեղեկացնում է The Athletic-ը:
37-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպել է պորտուգալական ակումբի ղեկավարությանը, սակայն «Առյուծների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը դեմ է արտահայտվել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հնարավոր տրանսֆերին՝ մտավախություն հայտնելով, որ Ռոնալդուի ժամանումը թիմում կխախտի տակտիկական կայունությունն ու կբարդացնի կարգավորված խաղը:
Պորտուգալացին 1997-2002 թվականներին խաղացել էր «Սպորտինգի» մանկապատանեկան թիմերում, իսկ 2002-2003 թվականներին պաշտպանել գլխավոր թիմի գույները: Ռոնալդուն «Սպորտինգի» կազմում դարձել էր Պորտուգալիայի սուպերգավաթակիր:


