Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում ազատոճայիններ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ) նույնպես պարտվեցին։
Ալիխանյանը որակավորման փուլում 7-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող Շամիլ Ռուստաևի նկատմամբ, սակայն 1/16 եզրափակիչում 0:10 հաշվով զիջեց Չերմեն Վալիևին (Ալբանիա)։
Գևորգյանը նույնպես մեկնարկեց որակավորման փուլից և 11-0 հաշվով հաղթեց Գենադի Կուդինովիչին (Գերմանիա)։ Հայ ըմբիշը 1/16 եզրափակիչում 0-4 հաշվով պարտվեց չինացի Դեն Չժիվեյին։
Ավելի վաղ պարտվել էին նաև Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97)։ Ազատ ոճի Հայաստանի հավաքականի ըմբիշներին պայքարում մնալու համար պետք է նրանց մրցակիցները հասնեն եզրափակիչ։
Հիշեցնենք, որ Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։


