Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) չկարողացան օլիմպիական ուղեգիր նվաճել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկած համաշխարհային վարկանիշային մրցաշարում:
Հայաստանի ներկայացուցիչներին պայքարից դուրս թողած ըմբիշները չկարողացան դուրս գալ եզրափակիչ: Այսպիսով, հայ ըմբիշների համար պայքարն ավարտված է:
Ղարիբյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1-8 հաշվով պարտվել էր Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Դահյունին: Թադևոսյանը որակավորման փուլում 10-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել իտալացի Միրկո Մինգուցիի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում 4-5 հաշվով պարտվել էր վրացի Լաշա Գոբաձեին: Օվասապյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր լիտվացի Կնիստաուտաի հետ գոտեմարտով և պարտվել 0-2 հաշվով:
Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական 54 ուղեգրի համար:
Մայիսի 11-12-ին մրցագորգ դուրս կգան ազատ ոճի ըմբիշները: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):
Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Ստամբուլ. Հայ ըմբիշների առաջին մրցակիցները վարկանիշային մրցաշարում