Logo

Ստամբուլ. Լյովա Գևորգյանը կշարունակի օլիմպիական ուղեգրի համար պայքարը

23:38 / 11.05.2024Ըմբշամարտ
null

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներից մեկը կշարունակի պայքարը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող համաշխարհային վարկանիշային մրցաշարում:

Լյովա Գևորգյանին (125 կգ) 1/8 եզրափակիչում հաղթած չինացի ըմբիշ Չժիվեյ Դենգը դուրս եկավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով Հայաստանի ներկայացուցչին շարունակել պայքարն օլիմպիական ուղեգրի համար:

Մայիսի 12-ին Գևորգյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Ալժիրը ներկայացնող Շամիլ Մագոմեդ Շարիպովի հետ, հաղթելու դեպքում կպայքարի բրոնզե մեդալի համար, այդ գոտեմարտում էլ առավելության հասնելու դեպքում տվյալ քաշային կարգի մյուս բրոնզե մեդալակրի հետ կպայքարի Փարիզ-2024-ի ուղեգրի համար:

Հրայր Ալիխանյանին (74 կգ), Մուշեղ Մկրտչյանին (86 կգ) և Սերգեյ Սարգսյանին (97 կգ) հաղթած ըմբիշները դուրս չեկան եզրափակիչ, սա նշանակում է, որ Հայաստանի երեք ներկայացուցիչների համար պայքարն ավարտված է:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ) Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր չէին նվաճել:

Ստամբուլի մրցաշարում օլիմպիական ուղեգիր են նվաճում եզրափակիչ դուրս եկած ըմբիշներն ու բրոնզե մեդալակիրների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը: Սա ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ