Ջերմուկում անցկացվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը ԱՄՆ-ում բնակվող Սամուել Սևյանի և Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանի պարտիան էր, որը 20-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Սևյանը 4,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Մարտիրոսյանի հաշվին գրանցված է 3 միավոր:
4 միավորով առաջատարին հետապնդում է ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը, որը սևերով հաղթեց հնդիկ Սունիլդութ Նարայանանին: 3,5 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սևերով հաշտություն կնքեց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ:
Առաջին հաղթանակը տարավ Արթուր Դավթյանը՝ սպիտակներով 51-րդ քայլին պարտության մատնելով Չեխիան ներկայացնող Թայ Դան Վան Նգուենին: Հայ շախմատիստը 1,5 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Իրանցի Ամին Տաբատաբաեիի և գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի:
Մայիսի 9-ին կկայանա 7-րդ տուրը: Հուշամրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:


