Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարից Հայաստանի հավաքականը կվերադառնա 4 մեդալով։
1/4 եզրափակիչում հաղթանակ են տարել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ու 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, որոնք դուրս են եկել կիսաեզրափակիչ և ապահովել առնվազն բրոնզե մեդալ:
Վլադիմիր Ենգիբարյանի մարզադպրոցի սան Բազեյանը հաղթել է հնդիկ Մուհամեդ Հուսամ Ուդիին, իսկ Շիրակի մարզը ներկայացնող Հակոբյանը կամային հաղթանակ է տարել Չինաստանի ներկայացուցիչի նկատմամբ։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։ Հայաստանի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Կիսաեզրափակիչները կկայանան փետրվարի 25-ին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկ: Հեղինակավոր մրցաշարին մասնակցում է 38 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ։


