Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային նախավերջին օրը 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը կիսաեզրափակիչում ժամանակից շուտ հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցակիցն է իրանցի Սաիդ Մորադ Ղուլի Էսմաիլի Լեիվեսին:
Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Բակիթժան Կաբդիլին (4-0): Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը կամային հաղթանակ էր տարել թուրք Մերտ Իլբարսի նկատմամբ (16-7):
Բրոնզե մեդալի համար պայքարին միջամտելու հնարավորություն են պահպանում նաև Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ): Ռուբեն Գևորգյանը որակավորման փուլում 10-13 հաշվով պարտվել էր թուրք մրցակցին, իսկ Հարություն Կիրակոսյանը նույն փուլում 0-2 հաշվով պարտվել էր էստոնացի Ռիչարդ Կարելսոնին: Հայ ըմբիշներին հաղթած մարզիկները դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Հայաստանի 4 ներկայացուցիչ օգոստոսի 20-ին կպայքարի մեդալի համար: Երեկոյան մրցահերթում աշխարհի երիտասարդական չեմպիոնի կոչման համար կգոտեմարտի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ բրոնզե մեդալի համար՝ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, 63 կգ քաշային Արման Վարդանյանը և 130 կգ քաշային կարգում Ալբերտ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Սոֆիայում ելույթ էր ունեցել 10 ըմբիշով ու նվաճել 2 մեդալ։ Մուշեղ Մկրտչյանը (79 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Սերգեյ Սարգսյանը (92 կգ)՝ բրոնզե:


