Logo

Սողոմոն Թեհլիրյան․ «Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»

11:42 / 02.04.2024ՄՇԱԿՈՒՅԹ
null

Սողոմոն Թեհլիրյանը ծնվել է 1896թ. ապրիլի 2-ին Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Ներքին Բագառիճ գյուղում, որտեղ ստացել է իր նախնական կրթությունը։ Ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես նա մեկնել է Հայաստան և մասնակցել է կամավորական շարժմանը՝ Անդրանիկի գնդում։ 1915 թվականին Թեհլիրյանը վերապրել է ցեղասպանությունը, ինչը շատ մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքում։

1921 թվականին Թեհլիրյանը մասնակցել է Դաշնակցության Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում նա գնդակահարել է Թալեաթին և ձերբակալվել։

Մեջբերումը Սողոմոն Թեհլիրյանի «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքից է:

Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլիրյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիրյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:
Թեհլիրյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախա‎գահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլիրյան – Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլիրյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլիրյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:

Նա նաեւ պատմել է՝ ինչպես է սպանել Թալեաթին: «Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»:

Արդարացված Թեհլիրյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ