Logo

Սոնա Ռուբենյանի 1-ին մրցանակը, Արամ MP3-ի և YellowHeart-ի հաղթարշավը. կայացավ «Խազեր» մրցանակաբաշխությունը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
22:59 / 01.05.2025Լուրեր
Բացառիկ
null

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կազմակերպած «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: Հայկական մրցանակաբաշխությունների պատմության մեջ առաջին անգամ միջացառման կազմակերպմանը մասնակցել մի քանի բեմադրիչ։ Հրաչ Քեշիշյանին էին միացել Արթուր Մանուկյանն ու Նաիրե Ստեփանյանը։ Մրցանակաբաշխությունն անցկացվեց միջազգային ձևաչափով, մեկնարկեց՝ կարմիր գորգի արարողությամբ։

Մրցանակաբաշխության հատուկ հյուրը «Գրեմիի» կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր և պրոդյուսեր Քիթ Ուեյքլին էր։ 

Հաջորդեց բուն մրցանակաբաշխությունը: Տարբեր անվանակարգերում առաջադրված արտիստները նստած էին բեմի առջև՝ հատուկ առանձնացված տարածքում: Հաղթողներին որոշել էին ակադեմիայի անդամները։ Նրանք ստացան Նուռի հեղինակած շարժվող «Խազ» մրցանակը: Այն խորհրդանշում է տեղում չդոփելն ու անընդհատ առաջ քայլելը։ Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին Ավետ Բարսեղյանը, Արփի Գաբրիելյանը, Ներսես Ավետիսյանը և Արսեն Գրիգորյանը:

Տարվա լավագույն երգչուհի անվանակարգում ներկայացված էին Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը և Brunette-ը: Հաղթեց Սոնա Ռուբենյանը: Նրան մրցանակը հանձնեց Սիրուշոն: «Շատ հուզված եմ, բայցև շատ ուրախ: Շատ անսպասելի էր այս մրցանակը: Շնորհակալ եմ Հայկական ազգային երաժշտական ակադեմիային այս ահռելի մեծ աշխատանքի և իմ մրցանակի համար: Այն ինձ համար շատ թանկ է, քանի որ առաջին կարևոր մրցանակն է իմ կարիերայում: Շնորհակալ եմ Աստծուն, ծնողներիս, ամուսնուս, աղջկաս, ովքեր իմ ուժն են: Ես մարդ եմ, ով շատ է սիրում երգել, ով շատ է սիրում իր հայրենիքը և հողը: Այդ հողից ես ստանում եմ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու ուժ: Շատ եմ սիրում նաև այն մարդկանց, ովքեր ինձ սիրում և լսում են: Ձեր սերն անգին է», - բեմում անկեղծացավ Սոնան:

Տարվա լավագույն երգիչ անվանակարգում ներկայացված էին Արամ MP3-ն, Էրիկ Կարապետյանն ու Արամեն: Մրցանակը շնորհվեց Էրիկին: «Ե՛վ սպասելի էր, և անսպասելի: Շատ դժվար է տարիներ շարունակ դառնալ «լավագույն երգիչ» և շարունակել աշխատել նույն ոգով, որպեսզի հետագայում կարողանաս նվաճել այդ մրցանակը: Իրականում շատ հուզված եմ: Չնայած տանը շատ ունեմ «լավագույն երգիչ» մրցանակ, բայց «Խազերը» շատ կարևոր մրցանակաբաշխություն է բոլորիս համար: Շնորհակալ եմ ակադեմիայի ստեղծողներին և անդամներին աշխատանքս գնահատելու համար: Շնորհակալ եմ ընկերներիս, կնոջս և աղջկաս: Ամենակարևորը շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ միշտ հնարավորություն է տալիս աշխատելու, նման գեղեցիկ բեմերում գտնվելու և ձեր սիրո համար», - նշեց երգիչը:

Լավագույն երգ և տեսահոլովակ անվակարագում հաղթեց Արամ MP3-ն «Երևի» երգով: «Արամն ամենահետաքրքիր արտիստներից է, ում հետ միշտ կարելի է աշխատել: Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են այս տեսահոլովակի համար», - նշեց տեսահոլովակի ռեժիսոր Կոլյա Հայրապետյանը: Իսկ Արամ MP3-ն կատակեց՝ եթե իմանար այսքան մրցանակ է ստանալու երգը կվերնագրեր «Հաստատ», այլ ոչ «Երևի»:

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ անվանակարգում ներկայացված էին Nemra-ն, Arravis-ը և Sevagir-ը: Հաղթեց Nemra-ն: «Այս մրցանակը Հայաստանի բոլոր ռոք խմբերինն է, քանի որ շատ դժվար է մեր երկում ստեղծել և պահել ռոք խումբ», - խոստովանեց խմբի մենակատար Վանը:

Տարվա հայտնություն և Լավագույն հեղինակ-կատարող անվանակարգերում լավագույնը Yellowheart-ն էր: Լիլին ԱՄՆ-ում էր: Նրա փոխարեն մրցանակները ստացավ եղբայրը՝ Համլետ Առաքելյանը: «Ինչպես Լիլին է սիրում ասել՝ փոքրիկ Լիլին հիմա շատ հպարտ կլիներ: Թե՛ ես, թե՛ Լիլին շատ ուրախ ենք, որ հեղինակ-կատարողները ժամանակակից երաժշտական աշխարհում իսկապես կարևորվում են: Եթե մենք կարևորում ենք հեղինակ-կատարողներին, նշանակում է՝ քայլում ենք աշխարհին համընթաց», - նշեց Համլետն ու միացրեց Լիլի ձայնային հաղորդագրությունն ուղղված իր հանդիսատեսին. «Անսահման շնորհակալ եմ իմ լսարանին, քանի որ այս ամենը ձեր շնորհիվ է: Հենց դուք եք թույլ տալիս, որ երազանքներս հերթով կատարվեն: Գրկում եմ բոլորիդ, շատ պինդ»: 

«Խազեր» մրցանակաբաշխության Հատուկ մրցանակին արժանացավ Ռուբեն Մաթևոսյանը: Մաեստրոյին ամբողջ համալիրը հոտնկայս մի քանի րոպե ծափահարեց: Ռուբեն Մաթևոսյանը հուզվեց հանդիսատեսի նման ջերմ վերաբերմունքից և խոստացավ. «Ես կերգեմ մինչև կյանքիս վերջ»: 

Ներկայացնում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին

Լավագույն երգչուհի՝ Սոնա ՌուբենյանԼավագույն երգիչ՝ Էրիկ Կարապետյան

Լավագույն երգ և տեսահոլովակ՝ Արամ MP3 - «Երևի»

Տարվա հայտնություն և լավագույն հեղինակ-կատարող՝ YellowHeart

Լավագույն հիփ-հոփ կամ R&B արտիստ կամ խումբ՝ D'Litte

Լավագույն խումբ-նախագիծ՝ PROJECT LA

Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ Nemra

Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն՝ Ջուզեպպե Վերդի, «Օթելլո»

Լավագույն դասական երգիչ, երգչուհի՝ Լիպարիտ Ավետիսյան

Լավագույն քավր՝ «Թող ամեն մի նոր տարի մեր սրտերը ջերմացնի», Մարտին Ուլիխանյան

Լավագույն գործիքավորում՝ «Կոմիտասական», Ավետիս Բերբերյան

Լավագույն կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան

Լավագույն ազգային երգ կամ երգի մշակում՝ «Կոմիտասական», Ավետիս Բերբերյան

Լավագույն դասական նախագիծ՝ «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա»

Լավագույն ջազ արտիստ, գործիքային կատարող կամ խումբ՝ Yerevan Calling


Վիկա Մարտիրոսյանը և Նանուլը


Կամո և Սեդա Սեյրանյանները


Ռոլանդ Գասպարյանը, նրա կինը՝ Գայանե Հովհաննիսյանը, և Արսեն Գրիգորյանը


D'Litte-ը


Մաշա Մնջոյանը


Մանե Գրիգորյանն ու երաժիշտ Արման Մնացականյանը


Կարինա Առուստամյանը և ամուսինը՝ Վալտերը


Գարիկ Պապոյանը


Արամեն, Աննա Թովմասյանը և Արսեն Գրիգորյանը


Արուսիկ Տիգրանյանը և ամուսինը՝ Հարութը


Արսեն Գրիգորյանը

Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ