Կորեայի Հանրապետության հավաքականը 2022թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Լիբանանի ընտրանուն:
Հարավկորեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հյոն Մին Սոնը՝ ապահովվելով իր ազգային թիմի կամային հաղթանակը: Նա 50-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը, ապա՝ 15 րոպե անց դիպուկ իրացրել 11-մետրանոց հարվածը:
Սոնը երկրորդ գոլից հետո մոտեցել է տեսախցիկին և աջակցության խոսք ուղղել «Տոտենհեմում» իր նախկին թիմակից, ներկայումս «Ինտերի» ու Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին․ «Քրի՛ս, ուժե՛ղ մնա, սիրում եմ քեզ»: Նա նաև ցուցադրել է «23» թիվը․ դանիացին անգլիական թիմում այդ համարի մարզաշապիկն էր կրում:
Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը ԵՎՐՈ 2020-ի խմբային փուլում Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև կայացած հանդիպման (0-1) առաջին խաղակեսում: Բժիշկներն անմիջապես մտել էին խաղադաշտ՝ փորձելով ուշքի բերել նրան: Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի ուշ հայտարարություն էր տարածել այն մասին, որ ֆուտբոլիստը գիտակցության է եկել ու գտնվում է Կոպենհագենի հիվանդանոցում:
Իրենց գոլերն ավելի վաղ Էրիկսենին էին նվիրել նաև «Ինտերում» նրա թիմակիցները՝ Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու Մարոկկոյի ընտրանու պաշտպան Աշրաֆ Հաքիմին:

