Սուրեն Աղաջանյանը տպավորիչ հաղթանակով ոսկե մեդալ է նվաճել Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 60 կգ քաշային կարգում:
4 գոտեմարտ անցկացնելուց ու ընդհանուր 32-0 հաշվով հաղթելուց հետո Աղաջանյանը եզրափակիչում մրցել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ և հաղթել 13-4 հաշվով:
Արծաթե մեդալ է նվաճել 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը, որը եզրափակիչում 2-4 հաշվով պարտվել է եգիպտոսցի Մուսթաֆա Հուսեյն Ֆաթի Ալամելդինին: Տերտերյանը ևս եզրափակիչի ճանապարհին տարել էր 4 հաղթանակ։
Ռուբեն Գևորգյանը (82 կգ) ու Արշակ Գեղամյանը (97 կգ) գոտեմարտել են բրոնզե մեդալի համար և պարտվել:
Հայաստանի հավաքականը Մ20 ԱԱ-ում ելույթն ավարտեց մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալով ու թիմային հաշվարկում գրավեց երրորդ տեղը։ Նախօրեին բրոնզե մեդալակիր էր դարձել Վիգեն Նազարյանը (87 կգ)։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ20 հավաքականն ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և նվաճել մեկ բրոնզե մեդալ։ Էդիկ Հարությունյանը (57 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8-4 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ռուսլան Աբդուլաևին։
Սուրեն Աղաջանյանի պարգևատրումը


