Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Սուրեն Չախալյանը և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Լատվիայի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումից առաջ Ռիգայում հանդես եկան նախախաղային ասուլիսով:
Սուրեն Չախալյան
«Հավաքականն ունի ներքին մոտիվացիա: Երկու հավաքականների համար սկզբունքային հանդիպում է: Պատրաստվում ենք, ամեն ինչ կանենք` դրական արդյունք գրանցելու համար:
Լատվիայի հավաքականի խաղում երևանյան մրցավեճից հետո փոփոխություններ կան: Ավելի հարձակողական են գործում:
26 խաղում անընդմեջ գոլ բաց թողնելը մտահոգիչ է, մտածում ենք այդ մասին: Լատվիայի դեմ խաղում հավաքականի կազմում միանշանակ փոփոխություններ կլինեն»:
Օգնյեն Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար: Լավ է, որ Լատվիայի դեմ խաղը երեք օր անց է, կփորձենք հաջողության հասնել և ուրախացնել երկրպագուներին:
Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում պարտությունները զրկեցին առաջին տեղը գրավելու հնարավորություններից: Ֆարերյան կղզիներից պարտությունն էլ որոշակի հեռուացրեց երկրորդ տեղից: Կփորձենք Ռիգայում երկրպագուների աջակցությամբ հասնել հաջողության:
Միշտ փորձում ենք աջակցել երիտասարդ ֆուտբոլիստներին, նրանք են հայկական ֆուտբոլի ապագան: Սխալներն անպակաս են ֆուտբոլում»:
Լատվիա - Հայաստան C դիվիզիոնի չորրորդ խմբի 6-րդ տուրի խաղը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին ու կլինի Fast Sports-ի ուղիղ եթերում:
Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0-1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիներին և չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիան, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր: