Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հարավում: Մարզը հյուսիսից սահմանակից է ՀՀ Վայոց ձորի մարզին, հարավից` պետական սահմանով սահմանակից է Իրանին (սահմանի երկարությունը 42 կմ է), արևմուտքից` Նախիջևանին և արևելքից` Արցախին: ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է Զանգեզուր բնաշխարհի տարածքը, որը ներառում է Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների ավազանը և Զանգեզուրի՝ Մեծ Կովկասից հետո Հարավային Կովկասում ամենաբարձր լեռնաշղթայի, արևելյան լանջերը։ Մարզի ամենաբարձր լեռնագագաթը Կապուտջուղն է (3 906 մ),իսկ ամենացածր վայրը՝ Մեղրու կիրճը (Արաքսի հովիտ 380մ)։
Ծանոթանանք Սյունիքի տեսարժան վայրերին։
Արևիք ազգային պարկ
Արևիք ազգային պարկը ստեղծվել է 2009 թվականին։ Գտնվում է Սյունիքի մարզում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին, ինչպես նաև Աստղաձոր և Նյուվադի գետերի ջրահավաք ավազանում։ Մակերեսը կազմում է 34 401․8 հեկտար։
Պահպանության օբյեկտը Մեղրիի եզակի բուսական և կենդանական աշխարհն է։
Ազգային պարկի տարածքում առկա են ուղղաձիգ բնական գոտիներ և լանդշֆտների տարբեր տեսակներ՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տափաստաններ, անտառային զանգվածներ, կիսաանապատներ։ Ունի հարուստ կենսաբազմազանություն՝ առաջավորասիական ընձառյուծ, բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, միջերկրածովային կրիա, հայկական իժ, կովկասյան ջրասամույր, կասպիական հնդկահավ, կովկասյան մայրեհավ։Բուսական աշխարհը նույնպես հարուստ է։ Կարմիր գրքում գրանցված տեսակներից հանդիպում են չորապտեր արծվապտերային, Գրիֆիթի հուդայածառ, վայրի ձմերուկ, անմեռուկ կլորատերև, կատվադաղձ լերդախոտատերև, թրաշուշան աղասեր, սագասոխուկ ցողունավոր, սարդակիր կովկասյան, խոլորձ Շելկոնովիկի, սարդակիր կովկասյան։
Բաղաբերդ
Բաղաբերդը (Կապանի բերդ) պատմական Հայաստանի Սյունիք նահանգի Ձորք գավառում գտնվող ամրոց է։ Այն գտնվում է Կապան քաղաքից արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի և Գեղի գետերի միախառնման տեղից ոչ հեռու, Ողջի գետի ձախ ափին: Հայաստանի պաշտպանական խոշոր կառույցներից է:
Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.) հաղորդած ավանդության համաձայն` Սիսակի սերունդներից Բաղակ նահապետը որպես ժառանգություն ստանում է Ձորք (Կապան) գավառը, կառուցում է Բաղակի քար ամրոցը, ամրացնում բերդը` անվանելով Բաղաբերդ: Որպես անառիկ բերդ` հայտնի է IV-V դարերից: Բաղաբերդի նշանակությունը առանձնապես մեծանում է X-XII դդ., Սյունիքի կամ Բաղաց թագավորության շրջանում: 1103 թ. Կապան քաղաքի ավերումից հետո Բաղաբերդը դառնում է Սյունիքի թագավորության մայրաքաղաքը: Վտանգի ժամանակ Սյունյաց իշխանները այստեղ էին պահում գանձերը, ձեռագրերը: 1170 թ. Գանձակի սելջուկները Էլդկուզ (Ելտկուզ) աթաբեկի գլխավորությամբ գրավում են Բաղաբերդը, կոտորում բնակիչներին, այրում Տաթևի վանքին պատկանող ավելի քան 10 հազար ձեռագիր մատյաններ, կողոպտում գանձերը:
Բղենո Նորավանքը
Գտնվում է Սյունիքի մարզի Բարձրավան (Երիցաթումբ) գյուղից 3-4 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր աջ ափին, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932 թ.: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.)` վանքի հիմնական կառուցապատումը կատարվել է երկու անգամ. առաջինը` 936 թ. Սիսական տոհմի քահանա Ստեփանոսի կողմից, Հրահատ իշխանի օժանդակությամբ: Երկրորդը սկսվել է առաջինից ոչ շատ ուշ և, ըստ արձանագրության, ավարտվել է 1062 թ., Սյունյաց Գրիգոր արքայի և Սյունյաց եպիսկոպոս Տեր Հովհանի հայրապետությանօրոք: Բղենո Նորավանքը բազմիցս վերակառուցվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: Վանքի մոտ նշմարվում են պարսպի և օժանդակ շենքերի մնացորդներ: Նախնական կառույցը, ըստ ուսումնասիրության, եղել է փոքր ծավալի հուշարձան` ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում դուրս եկող ավանդատներով, երկթեք ծածկով, կողային լայն կամարաշարերով:
Հալիձորի բերդ
Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին, ՀԷԿ-ի մոտ: Կառուցվել է XVII դ. առաջին կեսին՝ որպես կուսանաց անապատ: 1668 թ. ունեցել է 70 միանձնուհի: Արդեն XVIII դ., իր անառիկ դիրքի շնորհիվ, վերածվել է բերդի՝ դառնալով Դավիթ Բեկի ազատագրական պայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը:
Ըստ ավանդության՝ այստեղ է գտնվում Դավիթ Բեկ զորավարի տապանաքարը: Ամրոցի հյուսիսային կողմում է XVII դ. կառուցված սեղանատունը: Արևմտյան պարսպին կից՝ միաբանության խցերի հետքերն են: Հարավային պարսպին կից կա ուղղանկյուն հատակագծով ոչ մեծ շինություն, որը, հավանաբար, կառուցվել է ավելի վաղ և մենաստանի պահակատունն է եղել: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:
Ամրոցից դուրս, արևելյան կողմում կառուցված է Հալիձորի բերդի մյուս եկեղեցին, որն իր հորինվածքով և չափերով հիմնականում նման է Հալիձորի Ս. Աստվածածին եկեղեցուն:
Սյունիքի խորտակված եկեղեցու մասին կարող եք կարդալ այստեղ։
Շաքիի ջրվեժ
Շաքիի ջրվեժ, Շաքե, Շաքի, ջրվեժ Հայաստանի Սյունիքի մարզում, Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում, Շաքի գյուղից ներքև, 1 կմ հարավ, Սիսիանից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը 15-17 մ է։Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ՝ հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Գեղատեսիլ է։ Գետի ջրի մեծ մասը տարված է Շաքիի ՀԷԿ, ջրվեժով թափնում է նրա փոքր մասը։Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Կարդացեք նաև ավանդազրույց ջրվեժի մասին։
Շիկահողի արգելոց
Սատանի կամուրջի մասին կարող եք կարդալ այստեղ։
Տաթևի վանք
Կարող եք կարդալ նաև Քարահունջի մասին։