Նիդերլանդների Վեյք Ան Զե քաղաքում շարունակվող շախմատի Tata Steel Masters մրցաշարի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 11-րդ տուրի մրցախաղերը:
Լևոն Արոնյանը սպիտակներով 39-րդ քայլին հաշտություն կնքեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Դա Հայաստանի հավաքականի նախկին առաջատարի 10-րդ ոչ-ոքին էր: Արոնյանը 6 միավորով 5-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակը 7,5 միավորով շարունակում է գլխավորել ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, որը հաշտություն կնքեց նիդերլանդցի Անիշ Գիրիի հետ: Վերջինս կես միավորով է հետ մնում առաջատարից:
6,5-ական միավոր ունեն աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ԱՄՆ-ի ներկայացուիչ Ուեսլի Սոն, որոնց մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի:
Հաշտություն կնքեցին նաև հնդիկ շախմատիստներ Էրիգայսի Արջունն ու Դոմարաջու Գուկեշը, չինացի Դին Լիժենն ու նիդերլանդցի Ջորդեն վան Ֆորեստը, գերմանացի Վինսենտ Կեյմերն ու ռումինացի Ռիչարդ Ռապորտը:
Միակ հաղթանակը տարավ իրանցի Փարհամ Մաղսուդլուն, որի մրցակիցը հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհան էր:
Հունվարի 28-ին կայանալիք նախավերջին՝ 12-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Դոմարաջու Գուկեշի հետ:


