Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փոխչեմպիոն դառնալուց հետո Տաթև Հակոբյանը (76 կգ) լրագրողների հետ զրույցում պատմել է տպավորությունների մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը:
- Ինչպե՞ս կամփոփես ելույթդ:
- Այս պահի դրությամբ այսքանը կարող էի բարձրացնել և կարելի է ասել, որ ուժերիս ներածին չափով ամեն ինչ արեցի: Ամեն դեպքում, գոհ եմ արդյունքից:
- Ի՞նչ կասես մրցակցության մասին:
- Իհարկե, այս պահին ֆրանսիացուն հասնել հնարավոր չէր, բայց անհնարին ոչինչ չկա:
- Ի՞նչ ծրագրեր կան ապագայում:
- Դեռ չեմ կարող ասել, ամեն դեպքում դեռ մրցասպարեզում եմ, ելույթներս ավարտելու միտք չունեմ:
- Ինչ կասես Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի, երկրպագուների մասին:
- Ամեն ինչ շատ լավ էր, մեր հայրենի հողը, կարելի է ասել, որ ուժ է տալիս մեզ:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԵԱ-ի մրցումային վեցերորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։ Մինչև այդ Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) և Իզաբելա Յայլյանը (55 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ։
Հայաստանը 10-ական ներկայացուցիչ ունի կանանց ու տղամարդկանց պայքարում։
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն նաև Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ +109 կգ)։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):
ԵԱ․ Հայ ծանրորդների հիմնական մրցակիցներն ու հնարավորությունները