WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին 150 միլիոն եվրո է պահանջում՝ կարիերան վերսկսելու և ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկի հետ մենամարտելու համար, հայտում է The Sun-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ 35-ամյա Ուսիկը պաշտպանել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Super, IBF, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ ռևանշ մենամարտում երկրորդ անգամ պարտության մատնելով բրիտանացի Էնթոնի Ջոշուային (113-115, 115-113, 116-112)։
Հաղթանակից հետ ուկրաինացին հայտարարել էր, որ ցանկանում է մենամարտել Ֆյուրիի հետ ու միավորել չեմպիոնական գոտիները:
Վերջինիս պատասխանը չէր ուշացել.
«Տեսա՝ ինչպես Ջոշուան երկրորդ անգամ պարտվեց Ուսիկին: Մեծ Բրիտանիան կորցրեց իր տիտղոսները, սակայն դրա դեմ «դեղամիջոց» կա: Ուղարկեք ինձ, և ես այդ ուկրաինացուն կզրկեմ բոլոր գոտիներից, ինչպես զրկել եմ մյուս ուկրաինացուն (Վլադիմիր Կլիչկո): Եթե ցանկանում եք տեսնել այդ մենամարտը, պարտավոր եք վճարել: Գինն աննախադեպ է լինելու, այնպես որ սպասում եմ առաջարկի»,- սոցցանցերում գրել էր Թայսոն Ֆյուրին ու որոշ ժամանակ անց հեռացրել գրառումը:
Պրոֆեսիոնալ ռինգում Թայսոն Ֆյուրին անցկացրել է 33 մենամարտ (32 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 23 նոկաուտ), Ալեքսանդր Ուսիկը՝ 20 (նույնքան հաղթանակ):


