Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակում մայիսի 31-ին տեղի է ունեցել հասարակական կազմակերպության գործադիր կոմիտեի նիստը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նիստին մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, գործկոմի անդամներ Հայաստանից և Սփյուռքից:
Նիստի օրակարգը ներառել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի անցկացման և կազմակերպման աշխատանքների, Համահայկական խաղերի Վիլիջի կառուցման, քաղաքային խորհուրդների ձևավորման, հեռուստամարաթոնների գրաֆիկի հաստատման, կադրային և կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև Համահայկական ամառային ութերորդ խաղերի ֆինանսական հաշվետվության ներկայացում:
Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, շնորհակալություն հայտնել հրավերի համար և նշել, որ իր համար պատիվ է համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքները գործադիր մարմնի պատվարժան անդամների հետ իրականացնելը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև շնորհավորել է համաշխարհային կոմիտեի նորաբաց գրասենյակի առիթով և նշել, որ այն հնարավորություն կտա համահայկական խաղերի հետ կապված աշխատանքներն իրականացնել ավելի որակով և կազմակերպված:
Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչև մյուս խաղերը կունենանք շատ ավելի լավ, զարգացած ենթակառուցվածք: Մասնավորապես՝ Գյումրիում բացվելու է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը, որտեղ ավելի քան տասը մարզաձևի անցկացման հնարավորություն կլինի:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ համահայկական խաղերի կազմակերպման աշխատանքներում մեծ ներդրման և ցուցաբերած աջակցության համար:
Հաջորդիվ՝ նիստի մասնակիցներին ներկայացվել է Համահայկական խաղերի Վիլիջի նախագծի նախնական տարբերակը: Նշվել է, որ Վիլիջի նախագծման աշխատանքներն ընթացքում են, որի կառուցման նպատակով հաստատվելու է հեռուստամարաթոնների անցկացման ժամանակացույցը։
Ֆոտո՝ ԿԳՄՍ