Կայացել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի բացման արարողությունը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ:
«Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը: Սա մեր երեխաների համար առաջին հերթին սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ ունենալու հնարավորություն է, որը մեծ նշանակություն ունի նաև հասարակության զարգացման համար:
Դրանք բոլոր իմաստներով կարևոր են՝ թե՛ թիմային աշխատանք կատարելու, թե՛ միասին արդյունքի հասնելու, թե՛ սպորտային հաջողություններ գրանցելու առումով: Հույս ունեմ՝ ենթակառուցվածքների լավ պայմանները կնպաստեն, որ լավ արդյունքներ գրանցենք. սպասում ենք մեդալների»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել էր 24 միլիոն դրամ:
Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճում ապահոված են հիմնական պահանջները՝ կառույցի սեյսմակայունություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, ներքին հաղորդակցման ուղիներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցում), օդափոխություն, տեսահսկման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, տարածքի բարեկարգում, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարում և այլն: