Թենեսիի նախկին նահանգապետ Բիլ Հեսլեմը մոտ է Հոկեյի ազգային լիգայում ելույթ ունեցող «Նեշվիլ Պրեդատորզ» ակումբը գնելուն՝ հայտնում է Sportico-ն։
Նշվում է, որ Հերբերտ Ֆրիչի գլխավորած ակումբի սեփականատերերի խումբը վճռական է տրամադրված իրականացնելու այդ գործարքը։ Ակումբն այս պահին արժե 680 մլն դոլար, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ գումարի շուրջ են բանակցում կողմերը։
Ֆրիչը Predators Holding LLC-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնել է 2019 թվականին։ Ընկերությունը «Նեշվիլ» ապրանքանիշը ձեռք է բերել 2007 թվականին 193 մլն դոլարով։
Հեսլեմը Հանրապետական կուսակցությունից առաջադրված Թենեսիի նահանգապետ է եղել 2011-19 թվականներին։ Forbes-ը նրա ներկայիս կարողությունը գնահատում է 2,3 մլրդ դոլար։ Նա նաև բեյսբոլի՝ ցածր լիգայում խաղացող «Թենեսի Սմոուկիս» թիմի սեփականատերն է։ Նրա եղբայր Ջիմին և հարս Սյուզենը Ֆուտբոլի ազգային լիգայի «Քլիվլենդ Բրաունս» ակումբի սեփականատերերն են։


