Թենիսիստուհիներ Վինուս և Սերենա Ուիլյամսների նախկին մարզիչ Ռիկ Մաչին խոսել է ամերիկացի քույրերից կրտսերի՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 24-րդ անգամ հաղթելու հավանականության մասին: 40-ամյա Սերենա Ուիլյամսը 23 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում՝ 7-ական անգամ «Ուիմբլդոնում» և Ավստրալիայի բաց առաջնությունում, 6 անգամ ԱՄՆ-ի բաց առաջնությունում, 3 անգամ «Ռոլան Գարոսում»:
«Եթե նա ցանկանում է դա, պետք է նվիրվի և ձեռք բերի զարմանալի մարզավիճակ: Տաղանդը չի կորում, կորում է մարզավիճակը:
Եթե Սերենան իսկապես ցանկանում է հասնել այդ նվաճմանը, ես չեմ կասկածում, որ նա կարող է դա անել: Եվ ես հավատում եմ, որ Սերենան կարող է ոչ միայն հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, այլև ցանկության դեպքում կարող է դառնալ առաջին համարն աշխարհում»,- Tennis-Infinity-ն մեջբերում է ամերիկացի մասնագետի խոսքը:
Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը մայրանալուց 1 տարի անց կորտ էր վերադարձել Իսթբորնի միջազգային մրցաշարում: Զուգախաղի մրցաշարում նա Ունս Ջաբիրի հետ դուրս էր եկել կիսաեզրափակիչ, սակայն թունիսցու վնասվածքի պատճառով զույգը ստիպված հրաժարվել էր պայքարից:
Այս ամռանը Ուիլյամսը մասնակցել էր նաև «Ուիմբլդոնին», որտեղ առաջին շրջանում 5:7, 6:1, 6:7 հաշվով պարտվել էր ֆրանսիացի թենիսիստուհի Հարմոնի Տենին։
Սերենա Ուիլյամսը WTA-ի դասակարգման աղյուսակում 399-րդն է:


