Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը կարծում է, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի չորրորդ տուրի խաղում (2-1) սխալմամբ են իրեն հեռացրել խաղադաշտից, գրում է The Athletic-ը։
Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հավատացած է, որ այդ դրվագում VAR-ը պետք է չեղարկեր իր կարմիր քարտը։
Իսպանիայի մրցավարների հանձնաժողովը հաստատել է, որ 20-ամյա ֆուտբոլիստին Միկել Օյարսաբալի հետ պայքարում թույլ տված խախտումից հետո պետք է տրվեր դեղին, ոչ թե կարմիր քարտ։
Այդուհանդերձ, Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը չի բավարարել «Ռեալի»` Հաուսենի կարմիր քարտը չեղարկելու որոշումն ու ֆուտբոլիստին որակազրկել է 1 խաղով։ «Ռեալը» կբողոքարկի այդ որոշումը։
Հաուսենն ընդունել է իր սխալն ու խոստովանել, որ պետք է հարմարվի Լա լիգայի մրցավարների ոճին։ Նա բաց կթողնի «Էսպանյոլի» դեմ 5-րդ տուրի հանդիպումը։


