Logo

Թե ինչպես մետաղադրամը նետելով Ֆրունզիկն ընտրվեց «Միմինոյում» դերի համար և ինչպես սցենարն «իրենով արեց»

Հեղինակ
Զառա Սարգսյան
16:09 / 22.06.2023Ասում են․․․
Բացառիկ
Ֆրունզիկ-Միմինո

Խորհրդային «Միմինո» սիրված ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիայի «Тостуемый пьёт до дна» գրքից․

ՖՐՈՒՆԶԻԿ

«Միմինո» ֆիլմում Ֆրունզիկ Մկրտչյանի հերոս Ռուբիկ Խաչիկյանը դարձել է հայտնի կերպար, և շատերն ասում են, որ սա նրա լավագույն կինոդերն է։ Բայց եթե մետաղադրամն այլ կերպ ընկներ, ապա նա կարող էր և չլինել այս ֆիլմում։ Իսկ ֆիլմը շատ այլ կլիներ․․․

Երբ Բոլշևոյում գրեցինք սցենարը, թե ինչ կատարվում է Վրաստանում, որից հետո մեր հերոսը թռչում է Մոսկվա, հարց առաջացավ՝ նա միայնա՞կ է ապրելու հյուրանոցի համարում, թե՞ ինչ-որ մեկի հետ:

- Ինչ-որ մեկի հետ:

- Ո՞ւմ հետ։ Լեոնովի՞, թե՞ Մկրտչյանի։

Միմինոյի սենյակակից դարձրինք Լեոնովին (էնդոկրինոլոգ Սվերդլովսկից)։ Հետաքրքիր է ստացվում։ Բնակեցրինք Ֆրունզիկին (լենինականցի վարորդ)՝ նույնպես հետաքրքիր է։ Որոշեցինք՝ Լեոնովը մետաղադրամի մի երեսը կլինի, Ֆրունզիկը՝ մյուս։ Մետաղադրամը նետեցինք, հաղթեց Ֆրունզիկը։

Եվ Կուշներյովը նույն օրը երեկոյան թռավ Երևան՝ Մկրտչյանին թատերական ներկայացումներից ազատելու։

Առաջին անգամ Ֆրունզիկը նկարահանվել է իմ «Երեսուներեք», հետո «Մի վշտանա» («Не горюй!») ֆիլմում։ «Մի վշտանա» ֆիլմում նա ունի մեկ տող. «Կոնֆետ ուզո՞ւմ ես։ Չկա»: Ֆիլմը ցուցադրել եմ շատ երկրներում, ամեն անգամ՝ թե՛ մեզ մոտ, թե՛ դրսում այս տեսարանը ցուցադրելիս ծիծաղ ու ծափեր են հնչում։ Իսկ «Միմինոյից» հետո նրա շատ արտահայտություններ մեջբերվում են նույնիսկ հիմա՝ 30 տարի անց։ Որոշները հիշվեցին, քանի որ դրանք ծիծաղելի են. «Я так хохотался!», «Ты и она не две пары в сапоге»: Բայց կան նաև բավականին սովորական արտահայտություններ։ Նախաճաշի ժամանակ Խաչիկյանը հարցնում է Վալիկոյին.

- Вы почему кефир не кушаете? Не любите? (Ինչո՞ւ կեֆիր չեք ուտում: Չե՞ք սիրում):

Դե ինչ կա այստեղ հիշելու։ Բայց այս արտահայտությունը դեռ կրկնում են։ Համոզված եմ, եթե սա ասեր այլ դերասան, ոչ թե Մկրտչյանը, ապա այս արտահայտությունը դժվար թե գամվեր հիշողության մեջ։

Երբ նկարահանում էինք, շատ ցուրտ էր, օդի ջերմաստիճանը հասնում էր -40-ի։ Իսկ հագուստն ընտրել էինք ամռանը։ Բուբան ընտրել էր անձրևանոց, իսկ Ֆրունզիկը՝ կարճ բաճկոն։ Ես ասացի, որ ցուրտ է լինելու:

«Չէ՞ որ նրանք Կովկասից են, տաք հագուստ որտեղի՞ց նրանց»,- առարկում էին։ Այդ ձմեռը չափազանց դաժան էր։ «Խաչիկյանն ու Վալիկոն Մեծ թատրոնի մոտ» տեսարանը նկարահանվել է մինուս 36-ի ժամանակ։ Բուբային ու Ֆրունզիկին նայելը ցավալի էր։ Քանի որ բացօթյա տեսարանները հիմնականում կենտրոնում էին, ընդմիջմանը ես նրանց տանում էի իմ տուն՝ ընթրելու (մայրիկը մեզ համեղ կերակրում էր): Մենք ճաշում էինք ու քննարկում տեսարանը, որը դեռ պետք է նկարահանվեր այդ օրը։ Այստեղ դրսևորվեց Ֆրունզիկի անխոնջ ֆանտազիան։ Նա առաջարկեց անսահման տարբերակներ, որոնցից մեզ մնում էր միայն ընտրել։ Ֆիլմի որոշ տեսարաններ հիմնված չեն սցենարի վրա։

Սա մորս ընթրիքների արդյունքն է։ Այսպես, օրինակ, Մեծ թատրոնից հետո, սցենարի համաձայն, երբ Միմինոն և Ռուբիկը մտնում են բակ և այնտեղ չեն հայտնաբերում «ԿրԱԶ»-ը, գտնում են այն հարևան բակում, և Ֆրունզիկն ուրախությունից համբուրում է մեքենան, և քանի որ ցուրտ է, շրթունքները կպչում են երկաթին։ Իսկ Ֆրունզիկի մոտ միտք է ծագում, որ երբ Միմինոն գնում է ոստիկանություն կանչելու, Խաչիկյանը մնում է բակում՝ հետքերը հսկելու։ Եվ երբ անցորդը ցանկանում է մտնել բակ, նա սպառնալից սառույցի մի կտոր է վեր բարձրացնում և ասում.

- Ընկեր, որպես եղբայր եմ խնդրում եմ, մի՛ մոտենաս: Չի՛ կարելի այստեղ։ Այստեղ հետքեր են։

Երբ իջնում էինք մեքենայի մոտ, աստիճանների վրա հանդիպեցինք իմ ուսանող ռեժիսոր Վիկտոր Կրյուչկովին, որը քայլում էր դեպի ինձ։ Նա էլ խաղաց անցորդի դերը։

Ֆրունզիկը հորինել է նաև իր հերոսի համար արտահայտություններ. «я так думаю», «я один умный вещь скажу, только ты не обижайся» արտահայտությունները նույնպես սցենարում չկային, դա հորինել է Ֆրունզիկը։

Նա նաև յուրահատուկ շնորհ ուներ. կրկնօրինակման ժամանակ, եթե էկրանին նրա հերոսը մի վայրկյան բացում էր բերանը (ուղղակի շարժում էր շուրթերը), Ֆրունզիկին հաջողվում էր բառ մտցնել՝ միշտ համաժամանակյա և միշտ տեղին։

Հզո՜ր դերասան էր Ֆրունզիկ Մկրտչյանը։

ՀԱՅԵՐՆ ՈՒ ՎՐԱՑԻՆԵՐԸ

Ինձ զանգահարեց Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոռեժիսոր Ֆրունզիկ Դովլաթյանն ու պատմեց, որ իրենց է հասել «Միմինոյի» առաջին օրինակը՝ Կինոյի տանը ցուցադրելու համար։ Նա հավաքել է քարտուղարներին, նստել են դիտելու։ Վրացիները նկարահանել են հայի․․․ Ինչ-որ մի բան հաստատ կլինի։ Դիտում են: Հայտնվում է հայ Ռուբիկ Խաչիկյանը՝ զվարճալի, համակրելի կերպար։ Հաջորդ տեսարանում պարում է։ Վատ չի պարում։ Հետո անվադողն է վրացուն տալիս։ Նորմալ տղա, բողոքելու բան չկա: Բայց հետո դրսից վրացին զանգում է և հեռախոսավարին ասում, որ ուզում է զանգահարել Դիլիջան։ Իսկ հեռախոսավարն ասում է՝ «Անհնար է»։ -Իսկ Թելավի՞,- հարցնում է վրացին։ -Այո իհարկե,- ասում է հեռախոսավարուհին։ «Ահա։ Այդպես էլ գիտեինք։ Դիլիջան զանգելն անհնար է, իսկ Թելավի՝ խնդրեմ․․․»։ Բայց չհասցրին երկար վրդովվել։ Պարզվում է՝ հեռախոսավարուհին շփոթել է Թելավին Թել Ավիվի հետ։ Ֆիլմն ավարտվում է, այդպես էլ վիրավորական որևէ բան չեն գտնում:

-Ուրեմն, զանգում եմ, որովհետև բոլորը խնդրում էին շնորհավորել և շնորհակալություն հայտնել լավ ֆիլմի համար,- ասում է Դովլաթյանը,- Միայն դիլիջանցի ընկերները խնդրում են քեզ գալ այստեղ, որպեսզի հասկանաս, որ Դիլիջանի ջուրը ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում։

Ի ԴԵՊ

Սցենարի համաձայն՝ աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնում էր ոչ թե Դիլիջանի ջուրը, այլ՝ Լենինականի։ Բայց Գիա Կանչելին ինձ խնդրեց (նա ամեն ամառ գնում էր Դիլիջան՝ Կոմպոզիտորների տուն՝ իր սիմֆոնիաները գրելու).

-Իսկ հնարավո՞ր չէ այնպես անել, որ Խաչիկյանը ոչ թե լենինականցի, այլ դիլիջանցի լինի։

- Չի՛ կարելի։

-Ինչո՞ւ:

-Որովհետև Դիլիջանը հանգստավայր է, իսկ Խաչիկյանը ոչ թե կոմպոզիտոր է, այլ վարորդ․․․

Լուսանկարում՝ «Միմինո» ֆիլմի ստեղծողները Մոսկվայի 10-րդ կինոփառատոնում արժանացել են ժյուրիի ոսկե մրցանակին։ Ձախից աջ՝ Վախթանգ Կիկաբիձե, սցենարիստ Վիկտորյա Տոկարևա, Ֆրունզիկ Մկրտչյան, ռեժիսոր և սցենարիստ Գեորգի Դանելիա, օպերատոր Ալեքսանդր Պետրիցկի։

Լուսանկարը՝ Գալինա Կմիտի, 1977թ․

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ