Ամերիկացի գրող Էլիս Զիբոլդը հրապարակավ ներողություն է խնդրել Էնթոնի Բրոդուոթերից, որը 16 տարի բանտում է անցկացրել իրեն բռնաբարելու կեղծ մեղադրանքներով։ Medium-ում հրապարակված գրառման մեջ Զիբոլդը մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Բրոդուոթերը արդարացվել է նոյեմբերի վերջին՝ նրա դատապարտումից գրեթե 40 տարի անց:
Զիբոլդի բռնաբարության մասին մանրամասն նկարագրված է 1999 թվականին լույս տեսած Lucky ինքնակենսագրական վեպում: Ինչպես նշում է BBC News-ը, գիրքը կոմերցիոն հաջողություն է գրանցել և ազդել գրողի հետագա կարիերայի վրա։ Երեք տարի անց նա թողարկեց The Lovely Bones-ը, որը համաշխարհային բեսթսելլեր է դարձել և որը նկարահանվել է 2009 թվականին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի կողմից։
Պատմություն
Զիբոլդը հարձակման է ենթարկվել 1981 թվականին, երբ 18-ամյա ուսանողուհի էր Նյու Յորք նահանգի Սիրակուզայի համալսարանում: Բռնաբարությունից մի քանի ամիս անց նա հայտնեց, որ փողոցում հանդիպել է մի սևամորթ տղամարդու, ով, իր կարծիքով, հարձակվել է իր վրա:
Շուտով ոստիկանությունը բերման է ենթարկել Բրոդուոթերին։ Ոստիկանության ինքնությունը պարզելու ժամանակ Զիբոլդը մատնացույց արեց մեկ այլ անձի, սակայն ավելի ուշ դատարանում ճանաչել է Բրոդուոթերին որպես իրեն բռնաբարող: Հաջորդ 16 տարիները նա անցկացրել է բանտում, իսկ ազատ արձակվելով՝ ներառվել է սեռական բնույթի հանցագործություններ կատարած անձանց տվյալների բազայում։ Բրոդուոթերը միշտ պնդել է իր անմեղությունը։
2021 թվականին պրոդյուսեր Թիմոթի Մուչիանտեն, որն աշխատում էր Lucky ֆիլմի ադապտացիայի վրա, ուշադրություն հրավիրեց գրքի և ֆիլմի սցենարի անհամապատասխանության վրա։ Նա հարցեր ուներ դատավարության վերաբերյալ և վարձեց մասնավոր խուզարկու Դեն Մայերսին՝ ստուգելու Բրոդուոթերի մեղքի ապացույցները: Մայերսը և Մուչիանտեն եզրակացրին, որ տեղի է ունեցել արդարադատության սխալ, և իրենց հավաքած նյութերը փոխանցեցին փաստաբանին: Արդյունքում «Բրոդուոթերի» գործն ուղարկվել է վերանայման։ 2021 թվականի նոյեմբերի 22-ին նա արդարացվել է։
Դատավարությունից հետո…
61-ամյա Բրոդուոթերը լրագրողներին ասել է, որ լաց է եղել «ուրախության և թեթևության արցունքներով», երբ իմացել է, որ մեղադրանքը հանվել է։ Նա ասել է նաև, որ դատավճիռը բացասաբար է ազդել իր՝ սիրելիների հետ հարաբերությունների և աշխատանքի հնարավորությունների վրա։ «Բռնաբարողի խարանի» պատճառով Բրոդուոթերը նույնիսկ նախընտրել է երեխաներ չունենալ:
«Ափսոսում եմ»…
«Ամենաշատն ափսոսում եմ, որ այն կյանքը, որը դու կարող էիր ապրել, քեզանից անարդարացիորեն խլեցին: Եվ ես գիտեմ, որ ոչ մի ներողություն չի կարող փոխել այն, ինչ տեղի ունեցավ ձեզ հետ», – ասում է Զիբոլդը հայտարարության մեջ: Նա նշել է, որ 1982թ.-ին փորձում էր հասնել արդարության, այլ ոչ թե կոտրել ուրիշի կյանքը իր հանդեպ կատարված հանցագործության պատճառով:
Զիբոլդն ասել է, որ քանի որ Բրոդուոթերը արդարացվել է, ինքը փորձում է պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Նրա խոսքով՝ ինքը պետք է ապրի այն ըմբռնմամբ, որ ակամա դեր է խաղացել «անմեղ մարդու բանտարկության գործում»։ Նա նաև նշել է, որ իրական բռնաբարողին, հավանաբար, երբեք չեն գտնի։
Էնթոնի Բրոուդուոթերը փաստաբանների միջոցով հայտարարել է, որ ընդունում է Էլիս Զիբոլդի ներողությունը։