Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին:
«Շատ ուրախ եմ, քանի որ այս մեդալը շատ սպասված էր: 2018 թվականից բաց էի թողել Եվրոպայի առաջնությունները, այդ պատճառով էլ ուրախ եմ հաղթանակի համար:
Էմոցիաներս շատ են, իսկ տրամադրությունս բարձր է: Մեծահասակների մրցման հաղթող դառնալը տարբերվում է մյուս տարիքայինների չեմպիոնությունից, քանի որ սա է ինձ համար իրական սպորտը:
Նպատակս է մասնակցել Օլիմպիական խաղերին ու աշխարհի չեմպիոն դառնալ: Ուսումնամարզական հավաքներին ամեն ինչ կանեմ լավագույն մարզավիճակ ձեռք բերելու համար»,- 23-ամյա ըմբիշի խոսքը մեջբերում է UWW-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը դարձել է նաև Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնությունների չեմպիոն։ Եզրափակիչում հայ ըմբիշը 12-1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմի նկատմամբ: Առաջին մրցափուլից հետո Վազգենը պարտվում էր 0-1 հաշվով, սակայն երկրորդում շտկեց իրավիճակը։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից 10 վայրկյան շուտ, քանի որ Թևանյանը ստացել էր 11 միավորի առավելություն։
Հիշեցնենք, որ Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Քառորդ եզրափակիչում նա 4-1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 12-4 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժեղ էր գտնվել ադրբեջանցի Ալի Ռահիմեադայից: