Ֆուտբոլային ինսայդեր Իվան Կարպովը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հունիսի 21-ին պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ։
Կողմերի համաձայնագիրը 2 տարով է։ Այն հատուկ կետ ունի, որը թույլ կտա մինչև 2028 թ. հուլիսի 1-ը երկարաձգել համագործակցության ժամկետը: 26-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 700 հազար եվրո։
Սերբական ակումբը Թիկնիզյանի տեղափոխության համար «Լոկոմոտիվին» կվճարի 1,7 միլիոն եվրո։ Ռուսական թիմը ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա։
Դրանից բացի, Թիկնիզյանի տրանսֆերային իրավունքի հաջորդ վաճառքից «Լոկոմոտիվը» կունենա 10 տոկոս մասնաբաժին։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվում» է 2021թ. օգոստոսից, 122 խաղում խփել է 16 գոլ, կատարել 17 ասիստ։


