«Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում կայացած մոսկովյան դերբիում «Դինամոյին» պարտվելուց հետո չի պատասխանել լրագրողների հարցերին (1-3): Երբ Թիկնիզյանը շտապել է հանդերձարան, լրագրողներից մեկը բղավել է՝ հարցնելով, թե ֆուտբոլիստն ի՞նչ կասի Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տրանսֆերի մասին: Այդ հարցից հետո 25-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է միքս զոնա և հիմար անվանել տվյալ լրագրողին:
«Վարվիր արժանապատվորեն։ Եթե դուք այստեղ եք, հարգանքով վերաբերվեք մեզ՝ ֆուտբոլիստներիս։ Հատկապես պարտությունից հետո։ Ի դեպ, ես քեզ բազմիցս պատասխանել եմ: Այժմ հիմարի նման ես վարվում»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Ավելի վաղ «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտինովը չէր մեկնաբանել Թիկնիզյանի՝ «Սպարտակ» հնարավոր տեղափոխության մասին լուրը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան Թիկնիզյանը 2021 թվականի օգոստոսից է խաղում «Լոկոմոտիվում»: Մինչև այժմ հայ ֆուտբոլիստը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 90 հանդիպման, դարձել 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


