Logo

Տիգրան Բարսեղյանն ընդգրկվեց հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:23 / 15.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Դուբլինում իռլանդացիների հետ կայացած 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղը Տիգրան Բարսեղյանի 64-րդ հանդիպումն էր Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բարսեղյանն ընդգրկվեց հավաքականի կազմում առավել շատ հանդիպումների մասնակցած ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակում: Նա ցանկից դուրս մղեց հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանին, որն ազգային թիմի մարզաշապիկով 63 անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

Տիգրան Բարսեղյանն ազգային հավաքականում նորամուտը նշել է 2016թ. մարտի 25-ին Երևանում Բելառուսի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում (0-0): Դա հավաքականում Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղն էր: Ընդամենը 8 րոպե անցկացնելով խաղադաշտում, Բերեզովսկին դարպասում իր տեղը զիջեց երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանին, որը ևս նորամուտը նշեց հավաքականում:

Իսկ Տիգրան Բարսեղյանին Վարուժան Սուքիասյանը խաղադաշտ դուրս բերեց հանդիպման 81-րդ րոպեին: «Գանձասար-Կապանի» կիսապաշտպանը փոխարինեց Էդգար Մանուչարյանին:

22-ամյա Տիգրանը մասնակցեց նաև հավաքականի հաջորդ երկու ընկերական մրցախաղերին, որոնք անցկացվեցին ԱՄՆ-ում: Գվատեմալայի հավաքականի հետ մայիսի 28-ին կայացած խաղում (7-1) նա արդեն մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց 73-րդ րոպեին՝ տեղը զիջելով Բենիկ Հովհաննիսյանին:

Հավաքականի կազմում անցկացրած 3-րդ խաղում՝ հունիսի 1-ին Տիգրան Բարսեղյանը բացեց գոլերի հաշիվն ազգային թիմում՝ 69-րդ րոպեին խոցելով սալվադորցիների դարպասը և նպաստելով խոշոր հաշվով (4-0) հաղթանակի գրանցմանը: Այդ խաղում Բարսեղյանը կրկին փոխարինվեց 73-րդ րոպեին՝ այս անգամ տեղը զիջելով շիրակցի Դավիթ Հակոբյանին:

Հավաքականում Բարսեղյանի հաջորդ ելույթն արդեն պաշտոնական բնույթ էր կրում: Հյուսիսմակեդոնական «Վարդարը» ներկայացնող ֆուտբոլիստը մասնակցեց 2017թ. մարտի 26-ին Երևանում Ղազախստանի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին (2-0): Հանդիպման 5-րդ րոպեին հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը Տիգրանին խաղադաշտ դուրս բերեց վնասվածք ստացած Գևորգ Ղազարյանի փոխարեն:

Այդ խաղից սկսած մինչև 2023թ. հոկտեմբերի 17-ին հյուսիսմակեդոնացիների հետ կայացած ընկերական հանդիպումը ներառյալ Տիգրան Բարսեղյանը մշտապես հրավիրվել է հավաքական՝ վնասվածքի պատճառով բաց թողնելով ընդամենը 9 խաղ:

Նշված ժամանակահատվածում Բարսեղյանը հաճելի հոբելյան նշեց: 2022թ. հունիսի 14-ին Շոտլանդիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի մրցաշարի տնային խաղում Տիգրան Բարսեղյանն ազգային թիմի մարզաշապիկով 50-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և ընդգրկվեց Արթուր Պետրոսյանի անվան խորհրդանշական «50-ի ակումբում»: Բարսեղյանը յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ: Նա Հայաստանի հավաքականում  50 խաղի սահմանագիծը բոլորից արագ՝ 7 մրցաշրջանում հաղթահարեց: 

Մինչ այդ բոլորից արագ նման ցուցանիշի էին հասել Հարություն Վարդանյանը, Ռոբերտ Արզումանյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Կամո Հովհաննիսյանը, որոնց 8 մրցաշրջան էր պահանջվել: Ի դեպ, շոտլանդացիների հետ խաղում Հայաստանի հավաքականի մարզաշապիկով 50-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել նաև Հրայր Մկոյանը: Նա դարձել էր նման ցուցանիշ գրանցած ամենատարեց ֆուտբոլիստը (35 տարեկան 285 օրական):

Ազգային հավաքականում Տիգրան Բարսեղյանի անցկացրած խաղերի քանակն ավելի մեծ կլիներ, եթե խնդիրներ չունենար գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հետ, որի պատճառով բավական ժամանակ հրավեր չստացավ ազգային թիմից՝ բաց թողնելով նրա օրոք անցկացված 10 խաղ:

Երկարատև ընդմիջումից հետո Բարսեղյանը հավաքական վերադարձավ այս տարի՝ մասնակցելով մարտի 20-ին Երևանում վրացիների հետ կայացած Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի խաղին (0-3): Իսկ Եղիշե Մելիքյանի օրոք Բարսեղյանին վստահվեց հավաքականի ավագի թևկապը, ինչը մեծ պատիվ և միաժամանակ լրացուցիչ պատասխանատվություն է փորձառու ֆուտբոլիստի համար:

FastNews-ը ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների տասնյակը:

Ֆուտբոլիստներ

Խաղ

1. Սարգիս Հովսեփյան                

132

2. Հենրիխ Մխիթարյան

95

3. Ռոման Բերեզովսկի      

94

4. Վարազդատ Հարոյան               

92

5. Կամո Հովհաննիսյան

92

6. Գևորգ Ղազարյան

75

7. Ռոբերտ Արզումանյան

74

8. Արթուր Պետրոսյան

69

9. Մարկոս Պիզելի  

67

10. Տիգրան Բարսեղյան

64

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ