Logo

Տիգրան Բարսեղյանը հատել է արտերկրի ակումբներում 100 գոլի սահմանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:01 / 13.03.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սլովակիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Կոշիցեի» դարպասը Տիգրան Բարսեղյանի խփած միակ գոլի շնորհիվ «Սլովանը» կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել: Այդ գոլը հոբելյանական՝ 100-րդն էր Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպանի համար արտերկրի ակումբներում ընդհանուր առմամբ պաշտոնական 306 հանդիպումներում:

Գոլերից 81-ը Բարսեղյանը խփել է արտերկրի առաջնություններում, 8-ը՝ գավաթի, 1-ը՝ Սուպերգավաթի, 10-ը՝ Եվրագավաթների մրցաշարերում: Փորձառու ֆուտբոլիստի կարիերայում նշանակալի այս իրադարձությունը հատկապես կարևոր է Հայաստանի ազգային հավաքական նրա վերադարձի ֆոնին: Հուսանք, որ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա կարևորագույն հանդիպումներում էլ Բարսեղյանն աչքի կընկնի իր արդյունավետ խաղով՝ նպաստելով մեր ազգային թիմի հաջողությանը:

Արտերկրում Տիգրան Բարսեղյանի ֆուտբոլային կարիերան սկսվել է 2016/17թթ. մրցաշրջանում, երբ նա «Գանձասար-Կապանից» տեղափոխվեց Հյուսիսային Մակեդոնիայի «Վարդար»: Մինչև արտերկիր մեկնելը Տիգրան Բարսեղյանը Հայաստանում ֆուտբոլային կարիերան սկսել էր «Բանանցում» 2010թ., այնուհետև հանդես էր եկել «Գանձասար-Կապանում» (2011-2012/13, 2015/16թթ.) և «Միկայում» (2013/14-14/15թթ.): Հայկական ակումբներում անցկացրած պաշտոնական 83 հանդիպումներում Բարսեղյանը 14 գոլ էր խփել:

«Վարդարում» Տիգրան Բարսեղյանը նորամուտը նշեց 2017թ. փետրվարի 19-ին   «Շկուպիի» հետ կայացած առաջնության խաղում: Փետրվարի 26-ին կայացած հաջորդ տուրում Բարսեղյանը բացեց գոլերի հաշիվն արտերկրում՝ գրավելով «Շկենդիայի» դարպասը: Այդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը «Վարդարում» 7 գոլի հեղինակ դարձավ:

Հաջորդ երկու մրցաշրջաններում հայ ֆուտբոլիստը «Վարդարում» անցկացրած պաշտոնական 55 հանդիպումներում 16 գոլ խփեց ու տեղափոխվեց Ղազախստան: 2019թ. Ղազախստանի առաջնությունում Տիգրանը «Կայսարում» 12 գոլ խփեց, ինչն արտերկրի նրա կարիերայում լավագույն արդյունքն էր: 2 գոլ էլ նրա հաշվին գրանցվեց երկրի գավաթի խաղարկությունում:

Հաջորդ երկու մրցաշրջաններում Բարսեղյանը ղազախական «Աստանայի» կազմում անցկացրած պաշտոնական 57 հանդիպումներում 15 գոլի հեղինակ դարձավ:

Փորձառու ֆուտբոլիստի համար նոր մարտահրավեր էր Սլովակիայի «Սլովանում» հանդես գալը, որում լիովին բացահայտվեցին Տիգրան Բարսեղյանի ֆուտբոլային ունակություններն ու ռմբարկուի հատկանիշները: Նա բրատիսլավական ակումբում խաղում է 2021/22թթ. մրցաշրջանից: Թիմի կազմում Բարսեղյանի նորամուտը կայացել է 2022թ. փետրվարի 12-ին «Սենիցայի» հետ կայացած առաջնության խաղում: Իսկ մարտի 19-ին Բարսեղյանը բացել է գոլերի հաշիվը «Սլովանում»՝ գրավելով «Սերեդի» դարպասը: Այդ մրցաշրջանում առաջնության 10 խաղում Տիգրանը 4 գոլ խփեց:

Վերջին 2 մրցաշրջաններում զգալիորեն աճել է Տիգրան Բարսեղյանի արդյունավետությունը: Նախորդ մրցաշրջանում Տիգրանը 13 գնդակով դարձել էր Սլովակիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 2019թ. Ղազախստանի առաջնությունում «Կայսարում» գրանցած արդյունավետության անձնական ռեկորդը (12 գոլ):

Ընթացիկ առաջնությունում Բարսեղյանն արդեն արդյունավետության անձնական նոր ռեկորդ է սահմանել՝ առաջնության 22 հանդիպումներում դառնալով 17 գոլի հեղինակ: Մեկ գոլ նա խփել է երկրի գավաթի մրցաշարում, 3 անգամ էլ աչքի է ընկել Եվրագավաթների հանդիպումներում: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանի հաշվին արդեն  21 գոլ է գրանցված: Մնում է, որ Տիգրանը գոլի հեղինակ դառնա նաև Հայաստանի ազգային հավաքականում:

Տիգրան Բարսեղյանը հայկական ֆուտբոլի ռմբարկուների «100-ի ակումբի» անդամ է: Ընդհանուր առմամբ նա հայկական և արտերկրի թիմերում ու Հայաստանի ազգային հավաքականում 123 գոլ է խփել: Այդ ցուցանիշով նա «100-ի ակումբի» 24 անդամների ցանկում 16-17-րդ տեղերն է բաժանում Յուրա Մովսիսյանի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ