Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը մկանային պատռվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ: Այս մասին տեղեկացրել է Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը:
31-ամյա ֆուտբոլիստը «Սլովանի» կազմում վնասվածքի պատճառով հարկադրված փոխարինվել էր Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի արտագնա հանդիպման 35-րդ րոպեին (1-3):
Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոնի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Ի դեպ, Սլովակիայի առաջնությունում ձմեռային դադար է: «Սլովանը» հաջորդ պաշտոնական խաղը կանցկացնի 2025 թվականի հունվարի 21-ին` Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի նախավերջին տուրում ընդունելով գերմանական «Շտուտգարտին»: