Logo

Տիգրան Մանսուրյանն ու իր կինոերաժշտությունը...

17:07 / 27.01.2023ՄՇԱԿՈՒՅԹ
Տիգրան Մանսուրյան-կինոերաժշտություն

84 տարի առաջ այս օրը Բեյրութում բնակվող Մանսուրյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ արու զավակ, որի տարիներ անց ստեղծած կինոերաժշտությունը գրավեց միլիոնավոր հայերի սրտեր ամբողջ աշխարհում:

Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Նա երաժշտություն է գրել հետևյալ ֆիլմերի համար՝ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլն:

Ի՞նչ է ասել Մանսուրյանը երաժշտության և ռեժիսորների հետ աշխատանքի մասին. Մեջբերումներ.

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Իմ կարծիքով` հարուստը լռությունն է։ Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը։ Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ։ Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն։ Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն։ Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…
Մեր ամեն մի չծնված գործ՝ առ հայրենիքը, առ մեր ժողովուրդը և նրա պատմությունը ունեցած սիրո պակասի արտահայտություն է։ Մարդ արժևորելու ունակությունը մեր պատմությունն է մեզ տվել»:

**

«Գնահատում եմ ռեժիսորի հետ հարաբերության այն տեսակը, երբ քեզ հետ ռեժիսոր չեն խաղում: Այդ տեսանկյունից փառավոր ռեժիսորներ էին Հենրիկ Մալյանը, Փարաջանովը: Կինոաշխարհում ինձ դրսևորելու արդեն 5 տարվա ճանապարհ էի անցել: 1969 թ. հայտնվեցի Փարաջանովի կողքին: Իմիջիայլոց, այդ տարի ես 3 ֆիլմի վրա աշխատեցի` «Մենք ենք, մեր սարերը», «Նռան գույնը» և Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված «Աղքատի պատիվը», որի ռեժիսորը Բագրատ Հովհաննիսյանն է: Փաստորեն, երեք ռեժիսորների հետ աշխատեցի, միմյանցից շատ տարբեր ֆիլմերի համար կինոերաժշտություն գրեցի: «Նռան գույնը» սկսեցի հունվարի 2-ին ու ավարտեցի ուղիղ 3 ամիս անց` մարտի 2-ին` օրական աշխատելով 10 ժամ: Ինձ մեծ ուրախություն պարգևեցին այդ երեք ամիսները, նաև` տքնաջան աշխատանք: Փարաջանովն ինձ հանձնեց նկարահանված ու մոնտաժված ամբողջական ֆիլմը և գնաց Կիև: Ասաց. «Հենց պատրաստ լինի երաժշտությունը, հեռագիր կուղարկես Կիև, կգամ, թե չէ ես այս կողմ եկողը չեմ»»:

Տիգրան Մանսուրյան-1

**

«Ֆիլմերը, որոց համար երաժշտություն եմ գրել, նկարագրում են կա՛մ Հայաստանի գավառական քաղաքները, կա՛մ գյուղերը: Այդ մարդկանց հոգեբանությունը շատ հարազատ է ինձ, ես Արթիկում եմ մեծացել ու ճանաչում եմ, լավ գիտեմ այդ մարդկանց: Մեղեդիներն այդ ճանաչողության հիմքից են գալիս, որտեղ պարզ, մարդկային հարաբերություններ են, միմյանց հասնելու, օգնելու ձգտումներ: Այդ բոլորը ներշնչում են երաժշտություն դառնալու ճանապարհին: Եթե նկատել եք, ես երբեք իմ երաժշտության մեջ չեմ խոսել մայրաքաղաքի կամ առհասարակ մեծ քաղաքների անունից: Այն ժամանակվա մեր երգերը բազմամիլիոնանոց քաղաքների միջավայրում էին ծնվում ու ապրում, այդ շքեղությունն էին կրում: Ես դրան դիմելու կարիքը չունեցա երբեք: Դա է ինձ տարբերում մյուսներից: Անհատականություն ասվածը հենց դա է»:

Ֆիլմեր...

«Հին օրերի երգը»

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին. Ֆիլմի նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»։ Ֆիլմում Մհեր Մկրտչյանն իսկապես ուտում է թուղթը։ Շահում Ղազարյանը ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է 20 կիլոգրամ։ Ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշվեց այն փոխարինել երգով, որը ավելի ազդեցիկ դարձավ։ Նարինե Բաղդասարյանն իրականում դերասանուհի չէր։ Նա ուղղակի աշխատում էր նկարահանման հրապարակում, և ռեժիսորի հավանելուց հետո պահանջվեց 3 ամիս նրան համոզելու համար, որպեսզի վերջինս խաղա այդ դերը։

«Մեր մանկության տանգոն»

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին. Ֆիլմն ինքնակենսագրական է և պատմում է Ալբերտ և Մհեր Մկրտչյանների ընտանիքի մասին։ Ֆիլմում բոլոր թևավոր խոսքերը, որ արտասանում է դերակատար Գալյա Նովենցը, պատկանում են Ալբերտ և Մհեր Մկրտչյանների մայրիկին՝ Սանամին։ Ալբերտ Մկրտչյանը խոստովանում է, որ երբեք կինոփորձեր չի արել, քանի որ միշտ սցենարը գրել է՝ դերը համապատասխանեցնելով կոնկրետ դերասանների։ Դպրոցի ուսուցիչը իրականում դերասան չէ, այլ ուղղակի Գյումրու տաքսու վարորդ Ջղեր Խաչիկն է։ Ֆիլմը դիտել են նաև ԱՄՆ-ի խոշոր քաղաքներում, Մեքսիկայում, Եվրոպայում և ԽՍՀՄ-ի երկրներում։

«Աշնան արև»

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին.  «Աշնան արև» ֆիլմում Անահիտ Ղուկասյանը (նույն ինքը՝ Աղունը) կիրառել է ռուս դերասան, ռեժիսոր, թատրոնի բարեփոխիչ Կոնստանտին Ստանիսլավսկու մեթոդը, «որն արտահայտում է համոզմունք, որ դերասանը ստեղծում է կատարումը, դերասանը հեղինակն է»:

«Կտոր մը երկինք»

Մորաքրոջ և նրա արհեստավոր ամուսնու խնամքի տակ է մեծանում երկչոտ տղան՝ Թորիկը։ Ամեն ինչ խաղաղ ընթացքով կարող էր գնալ, բայց Թորիկը մեծանում և ամուսնանում է հասարակաց տան աղջկա հետ։ Քաղաքը չի կարող ներել նրան, սակայն երիտասարդը հանուն իր երջանկության վճռականություն և համարձակություն է դրսևորում։

 

Մեջբերումների մի մասը՝ kinoashkharh.am-ից 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ