Երկու տաղանդ՝ յուրաքանչյուրն իր ոլորտում. Արմեն Տիգրանյան՝ նշանավոր կոպոզիտոր, հայ օպերային արվեստի հիմնադիրներից մեկը, Ավետիք Իսահակյան՝ անվանի գրող, ազգանվեր գործիչ…
Ի՞նչն էր նրանց կապում կամ բաժանում՝ կմանրամասնենք ստորև:
Տիգրանյանն ու Իսահակյանը կլյանքի տարբեր փուլերում եղել են նաև մրցակիցներ, ընկերներ, մտերիմներ…
Տիգրանյանի և Իսահակյանի ուղիները հաճախ էին խաչվում. խոսքը միայն մասնագիտական գործունեության մասին չէ, որի շրջանակներում նրանք երբեմն համագործակցում էին. բավական է հիշել Տիգրանյանի երաժշտական ստեղծագործությունները՝ Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա:
Արմեն Տիգրանյանի դուստրը՝ Էմմա Տիգրանյանը գրում է.
«Ինչպես մեզ, այնպես էլ բոլոր Թիֆլիս մեկնողներին բանաստեղծն ասում էր՝ Արմենիս բարև տարեք: Հանդիպում էին սակավ, բայց միշտ գրկախառնություններով, որից հետո առանց րոպե կորցնելու ընկնում էին հին ու բարի հիշողությունների գիրկը: Այս հանդիպումներն եզրափակվում էին միշտ երաժշտությամբ: Արմեն Տիգրանյան, ինքն իրեն նվագակցելով, երգում էր Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա հորինած իր ռոմանսներն ու երգերը, հատվածներ Անուշ օպերայից»:
Ինչ վերաբերում է մրցակցությանը…
Իր 65-ամյակի կապակցությամբ Տիգրանյանը Իսահակյանին ճաշի էր հրավիրել. սեղանի շուրջ երկու արվեստագետները հիշում էին համատեղ մանկությունը: Բանն այն է, որ նրանք հասակակիցներ էին և մեծացել էին հայրենի Ալեքսանդրապոլում: Այդ տարիներին նույնն էր ոչ միայն նրանց բնակության վայրը, այլև՝ սիրո առարկան: Երիտասարդները սիրահարվել էին միևնույն աղջկան, իսկ աղջիկը հավասարաչափ խուսափում էր երկուսից էլ: Մի օր Տիգրանյանը Իսահակյանից խորհուրդ է հարցնում, թե ինչպե՞ս գրավել աղջկա սիրտը: Իսահակյանը խորամանկ է գտնվում ու խորհուրդ է տալիս Տիգրանյանին մի ամբողջ շաբաթ տնից դուրս չգալ ու ստիպել աղջկան, որ վերջինս զգա իր բացակայությունը… ու մի քիչ անհանգստանա: Տիգրանյանը հետևում է ապագա գրողի խորհրդին, իսկ մինչ այդ…
… մինչ այդ Իսահակյանը անկաշկանդ շփվում ու սիրահետում է նույն աղջկան:
Աղբյուրը՝ ՎԵՄ ռադիո:

