Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ հոլանդական «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին։
«Սպերցյանը 100 տոկոսով պատրաստ է տեղափոխվել «Այաքս»: Էդուարդի հետ զրուցել եմ և նրան մաղթել, որ հնարավորինս շուտ տեղափոխվի Եվրոպա, որպեսզի ավելի շատ առաջադիմի: Հուսով եմ, որ նա շուտով դրան կհասնի»,- Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ամստերդամը ներկայացնող ակումբը 8,5 միլիոն եվրո ու 2 միլիոն բոնուս է առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն «Կրասնոդարը» մերժել է: Ակումբները շարունակում են բանակցությունները:
Հիշեցնենք, որ Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականի հուլիսից: Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո: