Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի առաջին մարզիչ Ալեքսանդր Չելպանովն արձագանքել է իր սանի` Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենալու որոշմանը։
«Միջազգային մակարդակում Նաիրը խաղացել է Ռուսաստանի երիտասարդական հավաքականներում։ Գաղտնիք չէ, որ նա զանգի էր սպասում ազգային թիմից, ինչպես նախկինում բազմիցս ասել եմ։ Երևի չէր համապատասխանում ազգային հավաքականի մարզիչի խաղային մոդելին կամ այլ պատճառ կար, որ չէր հրավիրվում հավաքական։ Տիկնիզյանը Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում ելույթներն ավարտելուց հետո ամբողջ ժամանակահատվածում նույնիսկ չի հայտնվել ազգային թիմի ընդլայնված հայտացուցակում։ Այդ առնչությամբ Նաիրը նման որոշում է կայացրել: Պետք է մի քայլ առաջ գնալ:
Վերջերս խոսեցի նրա հետ: Տիկնիզյանը շատ շնորհակալ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ընձեռված հնարավորության համար։ Միջազգային ասպարեզում բարձր մակարդակով ելույթ ունենալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ Միանգամայն համաձայն եմ նրա հետ։ Ավելին, նա հայկական արմատներ ունի։ Դա նրա ընտրությունն է: Հուսով եմ՝ նա կօգտվի հնարավորությունից։
Հայաստանի հավաքականում պետք է վաստակել տեղ: Չէի ասի, որ Նաիրն ընտրել է հեշտ ճանապարհը։ Եկել է պահը, երբ պետք է զարգանալ, իսկ դա կարող է լինել միայն միջազգային ասպարեզում։ Կարծում եմ՝ սա է այլ հավաքական գնալու հիմնական պատճառը, այնտեղ հիմնական կազմում տեղ վաստակելը նույնպես հեշտ չէ: Յուրաքանչյուր տեղափոխություն եզակի է: Դժվար է ասել, թե մարդիկ ինչ պատճառներով են որոշում փոխել թիմը»,- մասնագետի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Նաիր Տիկնիզյանը խաղացել է Ռուսաստանի Մ19, Մ20, Մ21 հավաքականներում, ընդհանուր առմամբ, անցկացրած 16 խաղում խփել է երեք գոլ:
Նաիր Տիկնիզյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան է։ Բանակայինների գլխավոր թիմում նա խաղացել է 2017-2021-ին։ 2020 թվականին պաշտպանը վարձավճարով ելույթ է ունեցել Կուրսկի «Ավանգարդում», իսկ «Լոկոմոտիվի» կազմը համալրել է 2021-ի ամռանը։
Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 18 խաղի և դարձել երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջին խաղում կընդունի Թուրքիայի թիմին, իսկ երեք օր անց կրկին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի ազգային թիմի հետ:


