Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևն անդրադարձել է 24-ամյա ֆուտբոլիստի՝ Բրեմենի «Վերդեր» հնարավոր տեղափոխությանը։ Ավելի վաղ «Լոկոմոտիվի» մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը հաստատել էր, որ բանակցություններ են ընթանում գերմանական ակումբի հետ։
«Մարզական տնօրենը պատասխանել է Տիկնիզյանի հնարավոր տրանսֆերի մասին հարցին։ Ընթանում են բանակցություններ։ Ինչպես ակումբները կպայմանավորվեն, կշարժվենք առաջ։ Առայժմ Նաիրը պատրաստվում է «Լոկոմոտիվի» հաջորդ ու կարևոր խաղին»,- գործակալի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բունդեսլիգայի ներկայացուցիչը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար առաջարկել է 4 միլիոն եվրո, իսկ «Լոկոմոտիվը» պահանջում է 5 միլիոն։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանի մեկնարկում Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 5 պաշտոնական խաղի ու դարձել 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը 2,5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։


