Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը Դոմինիկյան Հանրապետությունից վերադառնալիս բերման է ենթարկվել Իսպանիայի օդանավակայանում, հայտնում է Sport.es-ը:
Ֆուտբոլային ֆունկցիոները կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, պաշտոնական դիրքը չարաշահելու, Սաուդյան Արաբիայում երկրի գավաթի խաղարկության հանդիպումներն անցկացնելու համար ֆինանսական մեքենայությունների և կոռուպցիայի մեջ:
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան բերման է ենթարկել 46-ամյա Ռուբիալեսին, ներկայացրել է մեղադրանքը և ազատ է արձակել: Այժմ նախկին նախագահը սպասելու է դատարանի հրավերին:
Հիշեցնենք, որ Լուիս Ռուբիալեսը սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս նա նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։
Ավելի ուշ ՖԻՖԱ-ն Ռուբիալեսին 3 տարով զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից։


