Logo

Տնային հանդիպումներում «Նոայի» հաղթարշավն ընդհատվեց, Վիդիչն ու Վակուլենկոն հոբելյաններ նշեցին. Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:19 / 20.10.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

5 հանդիպումներով մեկնարկեց Fastex Պրեմիեր լիգայի 34-րդ առաջնության 2-րդ շրջանը:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը  2-ական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 48 հանդիպումներում դաշտի տերերը 21 հաղթանակ են տարել, 13 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 14 անգամ հաջողության են հասել հյուրերը:

Խփվեց 11 գոլ, որից 7-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 48 հանդիպումներում 124 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,58 գոլ):

2. «Ալաշկերտի» ներկայիս արդյունքը (10 խաղում 7 հաղթանակ, 22 միավոր) լավագույնն է թիմի պատմության մեջ Fastex Պրեմիեր լիգայում: Մինչև այդ մեկնարկային 10 խաղում ալաշկերտցիներն առավելագույնը 6 հաղթանակ էին տարել (2015/16, 2017/18, 2018/19, 2022/23, 2023/24թթ.) և 21 միավոր էին վաստակել (2015/16, 2022/23թթ.):

3. Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած տնային հանդիպումներում «Նոայի» տարած 24 անընդմեջ հաղթանակների ռեկորդային շարքն ընդհատվեց: Գործող չեմպիոնը 2-րդ անընդմեջ խաղում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Ուրարտուի» հետ: «Նոայի» հետ արտագնա խաղում նախորդ անգամ «Փյունիկին» էր հաջողվել միավոր վաստակել՝ անցյալ տարվա մարտի 31-ին կայացած հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:

4. ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տարավ: Դա նաև խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր «Արարատի» հետ հանդիպումներում Հայաստանի առաջնություններում:

Բանակայիններն ընդհատեցին արարատցիների հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որոնցում 2 պարտություն էին կրել, 4-ն ավարտել էին ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Արարատի» նկատմամբ ԲԿՄԱ-ն տարել էր 2023թ. հոկտեմբերի 29-ին՝ 2-0:

5. «Արարատն» ընթացիկ առաջնությունում 8-րդ պարտությունը կրեց; Արդեն 13 խաղ է, ինչ արարատցիները ՀՀ առաջնություններում չեն հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է նախորդ առաջնությունում, մայիսի 8-ին «Վանի» հետ կայացած խաղում (2-1):

6. «Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին», որին մրցակցի հետ անցկացրած 5-րդ խաղում էլ չհաջողվեց գոլ խփել: Փոխարենը գանձասարցիներն այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ 12 գնդակ են բաց թողել:

7. Պետրոս Աֆաջանյանը 2-րդ խաղն անընդմեջ 11մ հարվածով գրավեց փյունիկցի Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը: Նա Ջոսուե Գաբայի և Մոմո Տուրեի հետ 2 գնդակով դարձավ «Փյունիկի» հետ դիմակայությունում «Վանի» լավագույն ռմբարկուներից մեկը:

8. Կամո Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում 31-րդ գոլը խփեց, որը 2-րդն էր «Արարատ-Արմենիայի» կազմում: Իր ներկայիս թիմում Կամոն գոլերի հաշիվը բացել էր 2023/24թթ. առաջնության ավարտական տուրի խաղում՝ անցյալ տարվա մայիսի 26-ին գրավելով «Ալաշկերտի» դարպասը:

9. Արշակ Պետրոսյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Նա ընդգրկվեց Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում՝ «Արարատի» դարպասը գրավելով 18 տարեկան 280 օրականում: Իսկ Միշել Այվազյանն առաջին գոլը խփեց բանակայինների կազմում:

10. Շիրակցի Ալեկսա Վիդիչը և փյունիկցի Սերգեյ Վակուլենկոն Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրին: Վիդիչը բոլոր խաղերն էլ անցկացրել է հարազատ «Շիրակում»՝ դառնալով թիմի կազմում այդ սահմանագիծը հատած 3-րդ լեգեոնականը Մուսա Փոլ Բակայոկոյից (107 խաղ) և Մարկո Պրլևիչից (100) հետո:

Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ