Իտալական «Տորինոյի» նախագահ Ուրբանո Կայիրոն անդրադարձել է Ավստրիայում կայացած նախապատրաստական հավաքի ընթացքում ակումբի գլխավոր մարզիչ Իվան Յուրիչի և տնօրեն Դավիդ Վանյատիի միջև տեղի ունեցած տհաճ միջադեպին։ Նրանց կոշտ զրույցը վերաճել էր փոխադարձ հրմշտոցի։
«Նրանք զրուցեցին, հարթեցին տարաձայնությունները, հաշտվեցին։ Նրանք շարունակում են ներդաշնակ աշխատել ավելի, քան երբևէ: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- Radio Radio-ին հայտնել է Կայիրոն։
Միջադեպը տեղի էր ունեցել թիմի հանգրվանած հյուրանոցի բակում։ Զրույցի ընթացքում Յուրիչը թափահարել էր ձեռքերը և հրել Վանյատիին, որն իր հերթին հարձակվել էր խորվաթ մասնագետի վրա։ Նրանց բաժանել էր ակումբի աշխատակիցը։
Football Italia-ի հաղորդմամբ՝ տարաձայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Տորինոյի» ղեկավարությունը մինչև այժմ փոխարինող չի գտել ամռանը ակումբից հեռացած հարձակվող Անդրեա Բելոտիին և պաշտպան Գլեյսոն Բրեմերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Տորինոն» պատրաստվում է տեղափոխության առաջարկություն անել «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկին։


