Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց «Վուլվերհեմփթոնին» ու հաղթեց նվազագույն հաշվով:
Խաղի միակ գոլը խփեց Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը, որի համար այս գնդակը 2-րդն էր ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում: Հատկանշական է, որ Քեյնը «Տոտենհեմի» կազմում խփեց 185-րդ գոլը Պրեմիեր լիգայում և մեկ թիմի կազմում մրցաշարում խփած գոլերի քանակով շրջանցեց «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի ռեկորդը:
Լոնդոնյան ակումբն իր ակտիվում գրանցում է 7 միավոր և այս պահին առաջատարն է: «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը», որոնք երկուական խաղ են անցկացրել, 6-ական միավորով համապատասխանաբար 2-3-րդ տեղում են:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 3-րդ տուր
«Տոտենհեմ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1-0
Հարի Քեյն, 66
Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն օգոստոսի 28-ին կհյուրընկալվի «Նոթինգեմ Ֆորեսթին», «Վուլվերհեմփթոնը» նույն օրը կընդունի «Նյուքասլին»:


